««Ինեկոբանկի» հայտարարությունը ցույց է տալիս, որ Հայաստանն ունենալու է որոշակի դժվարություններ». Վարդան Ոսկանյան

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ ահազանգելով. «Իրանի շուրջ իրադարձություններն ընթանում են գլխապտույտ արագությամբ, իսկ մենք էշի ականջում քնած ենք ու հայտնի անեկդոտի պես՝ հույսներս միայն Աստծու վրա ենք դրել»:

168.am-ը Վարդան Ոսկանյանից հետաքրքրվեց, թե մասնավորապես ի՞նչ է տեղի ունենում Իրանում, որին չի արձագանքում Հայաստանը։

– Պարոն Ոսկանյան, այս պահին ի՞նչ է կատարվում Իրանում, ի՞նչ իրադարձություններ են այնտեղ արագ զարգանցում։

– Իրանում տեղի ունեցող իրադարձությունները պայմանավորված են որոշակի փոփոխություններ կրող իրավիճակով, ինչը պայմանավորված է թե՛ ամերիկյան կողմի հայտարարություններով և քայլերով, թե՛ իրանական կողմի հայտարարություններով։ Մասնավորապես՝ մեզանում որևէ ուշադրության չարժանացավ այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգներ-Իրան հարաբերությունների սրման համատեքստում առաջացել է ռիսկայնություն մեկ այլ ռիսկայնության մասով, որի մասին ավելի վաղ էինք զգուշացրել։

Խոսքը վերաբերում է Հայաստանի բանկային ոլորտին և «Ինեկոբանկի» հայտարարությանը, որի տեքստը որոշակիորեն միտված է նրան կամ ցույց է տալիս, որ Հայաստանն ունենալու է որոշակի դժվարություններ՝ կապված Իրանի հետ տնտեսական հարթություններում հարաբերությունները զարգացնելու հետ։ Իրանի հետ հարաբերությունները մեզ համար կենսական նշանակության են։ Փաստացի գտնվելով ադրբեջանաթուրքական շրջափակման մեջ, բեռնափոխադրումների մեր հարավային ուղին ունի կենսական նշանակություն ոչ միայն տնտեսական առումով, այլև աշխարհաքաղաքական իմաստով։ Հետևաբար՝ այս խնդիրներին ուշադրություն չդարձնելը կամ չքննարկելը չի բխում մեր շահերից։

Մյուս կողմից՝ գիտենք, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունն առ այն, որ մոտավորապես երկու շաբաթ առաջ ԱՄԷ-ի ափերի մոտ նավթային լցանավերի վրա հարձակումն Իրանի ձեռքի գործն է՝ լրջագույն սպառնալիք է, քանի որ ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկը փաստացիորեն մեղադրում է Իրանին ինչ-որ առումով պատերազմական գործողության մեջ, ինչից կարող է բխել հնարավոր պատասխանի տրամաբանությունը։ Այս իմաստով Միացյալ Նահանգներից հնչող հայտարարությունները և գործողությունները բավականին լուրջ ռիսկայնություն են առաջացնում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ չի կարելի վերջնականապես բացառել լոկալ մակարդակով բախման հնարավորությունն Իրանի և ԱՄՆ-ի միջև, ինչը, բնականաբար, հղի է ողբերգական հետևանքներով։

Հետևաբար՝ կարծում եմ՝ մեր ներքաղաքական խոսույթում տեղ գտած բազմաթիվ խնդիրներ, ըստ էության, փակում են խոսույթի հնարավորությունը ՀՀ արտաքին քաղաքական միջավայրի մասին։

Մենք վերջին շրջանում մշտապես կենտրոնացած ենք Հայաստանի ներսում ընթացող գործընթացներով, որոնց մի մասը, չեմ կարծում, որ այդքան կարևոր են, քանի որ ուշադրությունից դուրս ենք թողնում մեր արտաքին քաղաքական հարթությունը, որը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում զարգացումները, Ադրբեջանում ընթացող գործընթացները։ Այս իմաստով ավելի լուրջ մոտեցումների կարիք ունի Հայաստանը՝ կապված արտաքին քաղաքականության հարթության հետ։

– Այս պարագայում Հայաստանը կոնկրետ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի։

–  «Ինեկոբանկի» տարածած հայտարարությունից հետո առնվազն ակնկալում էի որոշակի մեկնաբանություններ մեր պատկան կառույցների կողմից, որոնք կփորձեին ուղիներ առաջարկել մեր այն գործարարներին, որոնք աշխատում են Իրանի հետ։ Չգիտեմ՝ արդյո՞ք դա արվել է ներքին խողովակով, թե՞ ոչ, ամեն դեպքում հանրային մակարդակում նման քննարկում գոյություն չունի։

Մայիսի 29-ին խորհրդարանում հարցուպատասխանի օր էր Կառավարության հետ, արդյո՞ք հնչել է հարց՝ կապված Իրանի շուրջ զարգացումներում Հայաստանի հնարավոր դիրքորոշումների վերաբերյալ։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ռուսաստանում չափազանց կարևոր հանդիպումներ է ունեցել, որոնց շրջանակում քննարկվել է նաև իրանական խնդիրը։ Արդյո՞ք մենք աշխատում ենք ռուսական կողմի հետ՝ հասկանալու համար, թե ինչպիսի հնարավոր պայմանավորվածություններ կարող են լինել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև այս խնդրի առնչությամբ, որն ուղղակիորեն կապվում է տարածաշրջանում մեր անվտանգության և շահերի հետ։ Այս բոլոր հարցերը մնում են անպատասխան, քանի որ մենք տարված ենք բացառապես ներքին խոսույթով և արտաքին քաղաքական հարցերը կարծես թե ուշադրությունից և քննարկումից դուրս են մնացել։

– Այս համատեքստում կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանն Իրանի նկատմամբ ոչ հավասարակշռված քաղաքականություն է վարում։

– Ես նման գնահատական չէի տա, պարզապես տպավորություն է ստեղծվում, որ մենք ընդհանրապես չենք զբաղվում այդ խնդիրներով։ Եվ սա վերաբերում է ոչ միայն որոշում կայացնողներին, այլև մեր հասարակական շրջանակներին, և հասարակությունն ավելի շատ կենտրոնացած է Երևանում երկրորդական նշանակություն ունեցող որևէ փողոցում ընթացող լոկալ ակցիայի վրա, քան, օրինակ՝ Մերձավոր Արևելքում մեր շահերին առնչվող աշխարհաքաղաքական զարգացումներով։ Կարծում եմ՝ մեզանում պետք է փոխենք դիսկուրսի հարթությունը և խոսույթի մակարդակը։ Այս մակարդակում մնալով՝ մենք հեռուն չենք գնա։

– Եթե այս իրադարձությունների հետ կապված՝ Հայաստանից չկա որևէ արձագանք, Իրանն ինչպե՞ս է արձագանքում այս լռությանը։

– Իրանը զբաղված է բազմաթիվ խնդիրներով և այս իմաստով՝ Հայաստանի արձագանքների վրա այդքան էլ մեծ ուշադրություն չի դարձնում։ Եթե մենք պատկերացնենք վատագույն սցենարը՝ Իրան-ԱՄՆ հարաբերությունների համատեքստում, ապա դա ուղղակի առնչվում է մեր շահերին՝ ոչ միայն այն հանգամանքը հաշվի առնելով, որ մենք Իրանի հետ ունենք ընդհանուր սահման, այլև չի բացառվում, որ նման գործընթացների պարագայում որոշակիորեն ակտիվանա նաև Ադրբեջանը։ Գործընթացները շատ դեպքերում կապված են միմյանց հետ, և եթե այդ գործընթացների մի հատվածը  չեն կառավարում, մեկ այլ հատվածից կարող են ստանալ ոչ համարժեք գործողություն, որին պատրաստ չեն։

Հետևաբար՝ շատ կարևոր է, որպեսզի մենք՝ որպես հասարակություն, նաև մեր քաղաքական վերնախավը լրջագույն ուշադրություն սևեռի այս խնդիրների լուծման վրա։ Հասարակությունն այս խնդիրները պետք է քննարկի, ներքին որոշում կայացնողները դրա վերաբերյալ պետք է հստակ ծրագրված քաղաքականություն իրականացնեն և հստակ Հայաստանի շահերից բխող վճիռներ կայացնեն, որպեսզի կարողանանք տարածաշրջանում զարգացնել մեր պետությունը՝ հասնելով այն տեսլականին, որը երազում ենք բոլորս։

Զվարթ Խաչատրյան

Հ.Գ. Հիշեցնենք, որ «Ինեկոբանկն» իր հաճախորդների համար հայտարաություն էր տարածել՝ նշելով, որ հաճախակի են դարձել դեպքերը, երբ Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից և այլ ասիական երկրներից դեպի Հայաստան ապրանքների ներմուծման նպատակով, որպես բեռնափոխադրող տրանսպորտային միջոց, ընտրված են Իրանի կամ նրա հետ կապված տրանսպորտային կազմակերպություններ:

«Տեղեկացնում ենք, որ բեռնափոխադրող ընկերության իրանական ծագումը կամ բեռնափոխադրման իրականացումը Իրանի տարածքով կարող է հանդիսանալ ներմուծվող ապրանքների ձեռքբերման և բեռնափոխադրման ծախսերի համար բանկային փոխանցումների չեղարկման և թղթակից բանկերի կողմից դրամական միջոցների սառեցման պատճառ, քանի որ տվյալ երկրի մասով կան միջազգային պատժամիջոցներ։ Հաշվի առնելով այս ամենը՝ առաջարկում ենք զերծ մնալ Իրանի հետ կապված փոխադրողների կամ Իրանի տարածքով փոխադրվող ապրանքների դիմաց բանկային հաշվեհամարով դրամական փոխանցումներ կատարելուց։

Միաժամանակ, եթե այնուամենայնիվ կատարվեն դրամական փոխանցումներ Իրանի տարածքով կամ Իրանի հետ կապված բեռանափոխադրող կազմակերպությունների միջոցով, ապա այդ դրամական փոխանցումների չեղարկման կամ դրամական միջոցների սառեցման ողջ պատասխանատվությունը կրում է հաճախորդը»,- նշված է բանկի հայտարարության մեջ։

Հ.Գ.- 2. Հայաստանի բանկերի միության խոսնակ Կարեն Մագարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ըստ էության այն մտահոգություններն ու ռիսկայնությունը, որն «Ինեկոբանկն» արտահայտել է իր հայտարարության մեջ, Բանկերի մությունն ավելացնելու որևէ բան չունի։

Տեսանյութեր

Լրահոս