Պաշտոնական Երևանն ընդունեց Զասին. Ինչու որոշվեց զիջել

Օրերս Հայաստան այցելելու հնարավորություն ունեցավ Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը, ով Բիշքեկում կայացած ՀԱՊԿ ԱԳ նախարարական նիստի ժամանակ ընդունված որոշման համաձայն՝ առաջադրվել է որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի թեկնածու 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022-ի դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածի համար:

Յուրի Խաչատուրովի շուրջ ծավալված հայտնի իրադարձություններից հետո կես տարի ձգվող ՀԱՊԿ առանցքային երկրների՝ Բելառուսի և Ղազախստանի հետ թեժ տարաձայնություններից հետո հայկական կողմը, ինչպես ՀԱՊԿ մյուս անդամ երկրները, հավանություն տվեց Զասի թեկնածությանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Իսկ մինչ այդ ՀԱՊԿ անդամ երկրներն անցան Զասին այդ պաշտոնում նշանակելու մի շարք անօրինական և անհեթեթ ճանապարհներով՝ առանց համապատասխան կոնսենսուսի իրենց հարկի տակ ընդունելով Զասին՝ որպես կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածու, նշանակելով Զասին այդ պաշտոնում, ցանկանալով ստանձնել ՀԱՊԿ գլխավոր պաշտոնը շատ ավելի վաղ, քան ավարտվում է Հայաստանի քարտուղարության ժամկետը։ Այդ ընթացքում Հայաստանի իշխանությունները պնդում էին, որ ՀՀ ներկայացուցիչը կրկին պետք է ստանձնի այդ պաշտոնը, քանի որ քվոտան Հայաստանինն է։

Հայկական կողմն ըստ էության պահպանեց քվոտան, բայց ՀՀ ներկայացուցիչը չշարունակեց ղեկավարել կազմակերպությունը: Ավելին՝ 2020թ. ընդառաջ Ստանիսլավ Զասը հավանություն ստացավ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների կողմից։ Իսկ հայկական կողմը շեշտը դրեց կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված իրավական բացերը լրացնելու անհրաժեշտության հարցի վրա։

Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Զասի հետ հանդիպմանը շեշտել էր ՀԱՊԿ-ի կարևոր դերը Հայաստանի անվտանգության համակարգում: Զ. Մնացականյանը նշել էր, որ Բիշքեկում կայացած ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստի արդյունքներով հնարավոր եղավ համաձայնության գալ՝ ինչպես գլխավոր քարտուղարի թեկնածուին Հավաքական անվտանգության խորհրդի դիտարկմանը ներկայացնելու և նրա պաշտոնավարման ժամկետի, այնպես էլ՝ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքերում իրավական բացի լրացման ուղղությամբ աշխատանքների իրականացման ժամկետների շուրջ։

Զ. Մնացականյանն ընդգծել էր, որ կառույցի գլխավոր քարտուղարն իր լիազորությունների շրջանակներում պետք է առաջնորդվի Կազմակերպության հիմնարար փաստաթղթերով, բոլոր անդամ պետությունների ու կառույցի ընդհանուր շահերով և քաղաքական գծով, ղեկավարի քարտուղարության բնականոն գործունեությունը։ Զասը շնորհակալություն էր հայտնել իր թեկնածությունը Բիշքեկում ԱԳՆԽ նիստի արդյունքում ՀԱԽ-ի նիստին ներկայացնելու համար և վստահեցրել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու դեպքում հետևողականորեն հանդես է գալու ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների անվտանգության շահերի պաշտպանության դիրքերից։

Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին ընդունել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա կարևորել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցում կազմակերպության անդամ երկրների միջև համաձայնության գալու փաստը:

«Ուրախալի է, որ համաձայնության եկանք, որ 2020 թ. հունվարի 1-ից ռոտացիոն սկզբունքով Դուք կստանձնեք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: ՀԱՊԿ-ն հանդիսանում է ՀՀ անվտանգության համակարգի կարևորագույն տարրերից մեկը, և Հայաստանը շահագրգռված է այդ կառույցի արդյունավետ աշխատանքում: ՀԱՊԿ գործունեությունը մեր տարածաշրջանում պետք է նպաստի հավասարակշռության և խաղաղության պահպանմանը»,- նշել էր Ն.Փաշինյանը: Նա հավելել էր, որ ՀԱՊԿ անդամ երկրները պետք է գործեն կազմակերպության կանոնադրության տառին ու ոգուն համաձայն, և Հայաստանը հավատարիմ է այդ սկզբունքներին: Փաշինյանը հույս է հայտնել, որ Զասն իր գործունեությամբ կնպաստի ՀԱՊԿ անդամ երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցության և հավաքական անվտանգության ապահովման արդյունավետության բարձրացմանը:

Մեզ հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ ի սկզբանե պարզ էր, որ Հայաստանը նոր թեկնածուի տեսքով չի կարողանալու պահպանել քվոտան, թեև հասկանալի էր նաև, որ նոր իշխանությունները փորձելու են պահպանել այդ պաշտոնը, փորձելու են հարցերը լուծել ավելի հրապարակային կերպով՝ ցույց տալով իրենց արած հայտարարությունների իրավացիությունը, ինչն էլ արեցին։

Նրա արձանագրմամբ, ՀՀ իշխանությունները փորձում են դուրս չգալ իրենց ավելի վաղ արած հայտարարությունների շրջանակից, բայց ի սկզբանե հասկանում էին, որ փակուղին ՀԱՊԿ-ում չի կարող անվերջ երկարաձգվել, և Հայաստանը պետք է համաձայնության գա՝ միևնույն ժամանակ հասկանալով, որ խնդիրը ստեղծվել է անկախ ՀԱՊԿ մյուս երկրներից։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ում ստեղծված այս իրավիճակից որևէ կողմ ըստ էության չշահեց։

Հարցին՝ կարո՞ղ են լինել երաշխիքներ, որ պաշտոնը չի օգտագործվի հօգուտ Ադրբեջանի՝ հաշվի առնելով Ստանիսլավ Զասի ադրբեջանական կապերի մասին հրապարակումները, վերլուծաբանը պատասխանեց, որ հատուկ երաշխիքներ չկան։ Ըստ նրա՝ ամենակարևոր երաշխիքն այն է, որ որոշումները ՀԱՊԿ-ում կայացվում են կոնսենսուսով, որը, ինչպես տեսանք, յուրաքանչյուր երկրի հնարավորություն է տալիս խափանել որոշման կայացումը։ «Ուստի կարծում եմ՝ Հայաստանին այլ երաշխիքներ պետք չեն եկել, պարզապես այս իրավիճակը կառույցում չէր կարող անվերջ ձգվել՝ հանգեցնելով ավելի լուրջ խնդիրների գործընկեր երկրների հետ։ Ակնհայտ է, որ նման փուլ ևս կարող էր լինել։ Այդ հանգամանքը ևս իր դերակատարությունն ունեցավ։ Հայկական կողմը չէր կարող հաշվի չառնել հայ-ռուսական ռազմատեխնիկական և պաշտպանական ոլորտում համագործակցությունը»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Իր հերթին՝ մեկ այլ վերլուծաբան՝ Ալեքսեյ Մալաշենկոն, ասաց, որ ձևավորված կոնսենսուսը, իհարկե, ուրախալի է, սակայն մինչ այդ ծավալված տարաձայնությունները ցույց տվեցին մի շարք բացեր, որոնց ուղղությամբ պետք է աշխատել։ Նրա խոսքով՝ Զասի այցը ՀՀ ցույց է տալիս, որ տարաձայնություններն այս հարցի շուրջ ավարտվել են։

«Ռուսաստանն ըստ էության հարցը թողեց անլուծելի այնքան ժամանակ մինչև հայկական կողմը զիջի իր դիրքերը, քանի որ հասկանալի էր, որ Հայաստանը միայնակ երկար չի դիմակայելու ստեղծված իրավիճակին, քանի որ Հայաստանը միակն էր, ով դեռ հավանություն չէր տվել Բելառուսի ներկայացուցչի թեկնածությանը։ Իրականում խնդիրը, որն առաջացավ, տարբեր պատճառներ ուներ՝ առաջինն այն է, թե ինչպես ՀՀ-ն պատասխանատվության կանչեց ՀԱՊԿ քարտուղարին, դա լուրջ արձագանք ստացավ ՀԱՊԿ-ում, քանի որ նախապես համաձայնեցված չէր:

Ավելին՝ կար ադրբեջանական կողմի լոբբին, և խնդրի առաջացման սկզբնական փուլում ամեն բան սուր ընթացք ստացավ։ ՀՀ նոր իշխանություններին բարդ է ներքաղաքական խնդիրների հետ մեկտեղ՝ խնդիրներ համակարգել արտաքին ճակատում, այդ պատճառով ՀՀ իշխանությունները համաձայնեցին՝ հասկանալով, որ ՀԱՊԿ-ի նշանակությունը ՀՀ-ի համար եղել է և մնում է հայ-ռուսական անվտանգության ոլորտում համագործակցությունը:

Հաշվի առնելով Հայաստանի առանձնահատուկ հարևանությունը, հարաբերությունների բարդ կոնֆիգուրացիան տարածաշրջանում և ՌԴ-ի հետ հարաբերությունները, այդ կառույցը չէր կարող գործունեություն իրականացնել այնպես, ինչպես ակնկալում էր ՀՀ-ն, ունենալով դերակատարություն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ի նպաստ ՀՀ-ի։ Գաղտնիք չէ, որ այս բոլոր երկրներին միմյանց է կապել ՌԴ-ն՝ ձևավորելով այս կառույցը, չնայած այս ոլորտում առկա բազում հակասություններին։

Ներկայումս Հայաստանում փոփոխություններ են եղել, տարածաշրջանն ու աշխարհն են փոխվում, ՌԴ քաղաքականությունը ևս փոփոխվում է: Ուստի ՌԴ-ն, ինչպես և գործընկերները, այդ թվում՝ Հայաստանը, գուցե հրաժարվեն իրենց ավանդական դերերից»,- ասաց Մալաշենկոն։ Ըստ նրա՝ այս իրավիճակում անդամ երկրները պետք է հասկանան, թե ինչ է իրենց համար ՀԱՊԿ-ը, ինչու են միացել այդ կառույցին, որից ելնելով՝ կայացնեն որոշումներ։

«Սակայն ավելի գլոբալ խմորումները ՀԱՊԿ-ում դեռ կշարունակվեն, ՌԴ-ն դեռ հետևողի դերում է»,- ասաց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս