
ԲԴԽ անգործությունը չի արտահայտում դատավորների հավաքական կամքը. 6 ժամ հետո դատավորները որոշում կայացրին

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում դռնփակ կարգով մոտ 6 ժամ անցկացվեց դատավորների արտահերթ ժողովը, որից հետո դատավորները հերթով, շարքով ու կարգով դուրս եկան՝ լրագրողներին ցտեսություն, բարի գիշեր մաղթելով: Չմոռացան շնորհավորել նաև Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առիթով:
Այն հրավիրվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի հրամանով, ով էլ վերջում ընթերցեց դատավորների ընդհանուր ժողովի տեքստը: Նա հայտնեց, որ ժողովին մասնակցել է 165 դատավոր՝ 229-ից:
«Դատավորների ընդհանուր ժողովը ևս կարևորում է դատական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը՝ այն համարելով համընդհանուր իրավական առաջընթացի զարգացման էական նախապայման, սակայն այն պետք է ունենա հստակ և հիմնավոր պատճառաբանված, հայեցակարագ՝ տեսանելի ակնկալվող արդյունքով:
Դատավորների ընդհանուր ժողովը ողջունում է դատական իշխանության նկատմամբ վստահության ամրապնդմանն ուղղված ցանկացած միջոցառում, որը սահմանված կլինի օրենքով»,- ասաց նա և նշեց, որ կոչ են անում իրավասու մարմիններին՝ օրենսդրական նախագիծ մշակելիս այն բխեցնել ՀՀ Սահմանադրությունից, միջազգային պարտավորություններից:
Հայտարարության տեքստում նշված է, որ ցանկացած առողջ, ողջամիտ քննադատություն ընդունելի է դատական իշխանության համար, բայց դա չի կարող ուղեկցվել դատավորների պատիվն ու արժանապատվությունը արատավորող, դատական իշխանության հեղինակությանը վնասող արտահայտություններով, ուստի խստորեն դատապարտվում է ցանկացած անհարգալից գործողություն»,- ասաց նա:
Դատավորների ընդհանուր ժողովը հայտարարել է, որ ՀՀ-ում որևէ դատավոր դեմ չէ, որպեսզի հանրային վստահության ամրապնդման տեսանկյունից հասարակության ներկայացուցիչները տեղեկատվություն ստանան դատավորների գույքային դրության վերաբերյալ։ Սակայն դա պետք է կատարվի հստակ հայեցակարգով։
«Դատավորների ընդհանուր ժողովը արձանագրում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անգործությունը չի արտահայտում դատավորների հավաքական կամքը, և այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը»,- հավելեց նա :
Անի Կարապետյան