Ինչու Ռուսաստանը չաջակցեց Հայաստանին
Օրերս ՀԱՊԿ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհուրդը նեղ կազմով նիստի ընթացքում որոշում է կայացրել պետությունների ղեկավարների քննարկմանը դնել Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում 2020թ. հունվարի 1-ից։ Այդ մասին հայտարարել էր Ղրղըզստանի արտգործնախարար Չինգիզ Այդարբեկովը` Բիշքեկում բացելով ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների ընդլայնված կազմով հանդիպումը։
«Մենք որոշում ենք կայացրել քննարկել Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում 2020 թվականից»,- ասել էր նա։
2020թ. հունվարի 1-ից Բելառուսը ռոտացիոն կարգով իրավունք է ստանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին առաջադրել իր թեկնածուին, որը երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Զասն է։ Այս որոշմամբ պարզ դարձավ, որ ՀԱՊԿ նախկին հայաստանցի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ետկանչից հետո Հայաստանին թույլ չտրվեց այդ պաշտոնում մեկ այլ հայաստանցի գործչի թեկնածություն առաջադրել այն դեպքում, երբ պաշտոնը, ըստ էության, մնաց թափուր, իսկ մինչ ՀՀ ներկայացուցչի պաշտոնավարումը բավականին երկար ժամանակ ՀԱՊԿ-ում չէր հաջողվում կոնսենսուս ձևավորել գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակման հարցի շուրջ։ Իսկ Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնել էր 2017թ. մայիսի 2-ից:
Ակնհայտ է նաև այն, որ Խաչատուրովի ետկանչից հետո Հայաստանը թույլ չտվեց Բելառուսի ներկայացուցչին անմիջապես ստանձնել պաշտոնն այն դեպքում, երբ առանց ՀԱՊԿ պաշտոնական կոնսենսուսի՝ Ս. Զասն այցեր էր կատարել ՀԱՊԿ անդամ երկրներ՝ բացառությամբ Հայաստանի, հավանություն ստանալով ՀԱՊԿ ղեկավար պաշտոնը ստանձնելու համար։
Ի վերջո, տարաձայնություններն այս հարցի շուրջ հանգուցալուծվում են ոչ հօգուտ կամ ի վնաս Հայաստանի։ Հայկական դիվանագիտությունը, հասկանալով ՀԱՊԿ-ում առաջացած տրամադրությունները՝ պայմանավորված ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի անակնկալ ետկանչով ու քրեական գործի հարուցմամբ, փոխեց այս հարցի շուրջ իր ավանդական հռետորաբանությունը՝ նշելով, որ հայկական կողմը փորձում է հստակեցնել գլխավոր քարտուղարի նշանակման և հեռացման իրավական կարգավորումները։ ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ, Բիշքեկում որոշում է ընդունվել՝ ընթացիկ տարվա նոյեմբերին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին ընդառաջ մշակել և Խորհրդի դիտարկմանը ներկայացնել գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցումը կարգավորող փոփոխություններ ՀԱՊԿ քարտուղարության մասին կանոնակարգում։
ՀԱՊԿ Կանոնադրության 17-րդ հոդվածում նշվում է, որ գլխավոր քարտուղարը նշանակվում է Հավաքական անվտանգության խորհրդի կողմից՝ 3 տարի ժամկետով: 2015 թ. դեկտեմբերի 21-ին Խորհրդի կողմից ընդունված «ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի» և «ՀԱՊԿ մշտապես գործող աշխատանքային մարմիններում պաշտոնատար անձանց ռոտացիայի մասին» որոշումները ենթադրում են, որ ռոտացիան տեղի է ունենում այբբենական կարգով:
Այսինքն՝ Հայաստանից հետո պաշտոնը պետք է ստանձնի Բելառուսի ներկայացուցիչը: Սակայն Յուրի Խաչատուրովը, համաձայն ՀԱՊԿ կանոնադրության, նշանակվել էր 3 տարով, սակայն պաշտոնավարեց մեկուկես տարի: Իսկ ՀԱՊԿ կանոնադրությամբ նման իրավիճակ նախատեսված չէր, ինչն էլ տարաձայնությունների պատճառ դարձավ։
Մեր մոսկովյան աղբյուրների փոխանցմամբ՝ ի սկզբանե չափազանց բացասական արձագանք ստացավ Յուրի Խաչատուրովի դեմ քրգործի հարուցումն առանց այդ պաշտոնից ետկանչի, որը ՀԱՊԿ անդամ բոլոր մյուս երկրները, առավելապես՝ Ռուսաստանը, դիտարկեց՝ որպես անհարգալից վերաբերմունք ՀՀ նորընտիր իշխանությունների կողմից։
Ըստ մեր աղբյուրի՝ այս ամենն ավելի սուր ընկալվեց, քանի որ Հայաստանում նոր էին ավարտվել հեղափոխական իրադարձությունները, և հայ-ռուսական ակտիվ փոխգործակցություն դեռ հաստատված չէր, հստակ չէր, թե ինչ կարելի էր սպասել նոր իշխանություններից, և այդ անակնկալ որոշումը բավականին լուրջ հետևանքների պատճառ դարձավ, քանի որ հետագայում Ռուսաստանն արդեն չաջակցեց Հայաստանին այդ պաշտոնը պահպանելու խնդրում, ըստ էության, «պատժելով»։
«Հիշում եք, որ անցյալ տարեվերջին որոշ նիստեր հետաձգվեցին, ապա ՀՀ-ում ընտրություններ տեղի ունեցան, և հարցն անորոշ վիճակում էր, այդ ընթացքում Հայաստանն էլ համոզվեց, որ, եթե չփորձի ինչ-որ կերպ հարմարվել այդ դիրքորոշումներին, ավելի սուր տարաձայնություններ են սպասվում, որը կկոտրեր ներկայացվող տպավորությունը, թե հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են։
Այո, նման իրավիճակի իրավական կարգավորումները հստակեցված չէին, բայց պարզից էլ պարզ էր Ռուսաստանի և մյուս գործընկերների համար, որ գլխավոր քարտուղարի դեմ քրեական գործ հարուցել պետք չէր՝ առանց նրան այդ պաշտոնից հեռացնելու, քանի որ դա լուրջ հարված հասցրեց կազմակերպությանը։
Ավելի վաղ, գուցե դա ՀՀ նոր իշխանությունների համար կարևոր չէ, բայց Ռուսաստանն աշխատանքներ էր տարել Հայաստանի ներկայացուցչի շուրջ կոնսենսուսի ձևավորման համար, այդ կոնսենսուսը եղավ դժվարությամբ, հարկ եղան ջանքեր՝ ինչպես Բելառուսի, այնպես էլ՝ Ղազախստանի ուղղությամբ, կար Ադրբեջանի դիմադրությունը, և հանկարծ նման անակնկալ է ստացվում Երևանից։ Ի սկզբանե այդ լուրն այնպես ընդունվեց և այնպիսի ընթացք ստացավ, որ Ռուսաստանն արդեն չաջակցեց ո՛չ Հայաստանին, ո՛չ Բելառուսին այս պաշտոնի շուրջ պայքարում։ Ռուսաստանի համար, ըստ էության, միևնույն էր, թե որ երկրի ներկայացուցիչը պետք է լինի այդ պաշտոնում, բայց այս կամ այն երկրին աջակցելու դեպքում մյուս կողմին պետք է ինչ-որ կերպ բավարարեր Ռուսաստանը։ Արդյունքն այն էր, որ կարողացավ իրավիճակից դուրս գալ առանց այդ ամենի»,- ասաց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով, Ռուսաստանը բավականին հանդարտ ու վստահ է գործում, քանի որ լուրջ համագործակցություն կա Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական և պաշտպանության ոլորտում, այդ ամենն ուղիղ կերպով վերաբերում է ՀՀ անվտանգությանը: Դա, նրա խոսքով, հիմք է այն ընկալման համար, որ ՀԱՊԿ-ը հարկավոր է Հայաստանին՝ որպես կազմակերպություն։
«Եթե Հայաստանը նախապես չի համագործակցում գործընկերների հետ՝ քարտուղարի դեմ քրգործ հարուցելու կամ նրան ետկանչելու հարցում, ապա հետագա խնդիրները ևս դիտարկվեցին՝ որպես ՀՀ պատասխանատվության տիրույթում, և Ռուսաստանը չմիջամտեց։ Ռուսաստանը դեմ չէր որևէ սցենարի. կողմ էր Զասի նշանակմանը, եթե դա ունենար լիակատար կոնսենսուս, բայց անցանկալի էր ՀՀ ներկայացուցչի նշանակումը ևս մեկ անգամ, քանի որ Հայաստանը խախտեց գործընկերային պարտավորությունները»,- ասաց մեր մոսկովյան աղբյուրը։