Փաշինյանի պաշտոնավարումից հետո ՀՀ-ում բարձրանալո՞ւ է անցումային արդարադատության հարցը. պարզաբանում է Կարանզան
Երեկ ԱԺ-ում կազմակերպված «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով լսումների ժամանակ առանձին զեկույցով հանդես եկավ Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) փորձագետ Ռուբեն Կարենցան: Մեզ հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե եղե՞լ է իրավիճակ, երբ Անցումային արդարադատության միջազգային կենտրոնը խորհուրդ է տվել զերծ մնալ անցումային արդարադատությունից, չկիրառել այն, նա պատասխանել է.
«Ներկայումս դա ավելի շատ վերաբերում է մեր տեղեկատվություն տրամադրելու հարցին՝ համեմատական օրինակներ տրամադրել, ցույց տալ այլ երկրների օրինակներ, մատնացույց անել խնդիրներ, որոնք հնարավոր են լուծել։ Հատուկ կերպով չենք քննարկել, քանի որ չկա օրենսդրություն, որը կոնկրետ կլիներ։ Առանձին խնդիրներ ենք քննարկել, առավելապես ակտիվների վերականգնում, որը մեծամասամբ տեխնիկական հարց է։ Դեռևս՝ այսքանը»:
Հարցին, թե Կենտրոնը պաշտպանո՞ւմ է անցումային արդարադատության կիրառումը ցանկացած հաջորդ իշխանափոխությունից հետո, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումից հետո Հայաստանում բարձրանալո՞ւ է անցումային արդարադատության հարցը, թե՞ ոչ, նա այսպես է պատասխանել. «Ես չգիտեմ, որովհետև անցումային արդարադատությունը հաճախ կիրառվում է, երբ կան մարդու իրավունքների լայնածավալ խախտումներ, մեծածավալ կոռուպցիա: Նիկոլ Փաշինյանը վարչապետ է ընդամենը մի քանի ամիս, ուստի դա ավտոմատ չէ»։
Մենք նաև հետաքրքրվեցինք՝ արդյոք նա ունի՞ Հայաստանի համար անցումային արդարադատության կոնկրետ տարբերակ: Ի պատասխան՝ Կարենցան ասել է. «Ինչպես ասացի, մենք դեռևս տեղեկատվություն ենք տրամադրում, համեմատական օրինակներ, այլ երկրների դասերը։ Մենք դեռ պատրաստ չենք ավելի մանրամասն տարբերակներ տրամադրել, թե ո՞ր օրենքն է լավ կամ վատ այս դեպքում»:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ արխիվից
018.07.2018թ.