Բաժիններ՝

«Եթե մեծ ծավալի գյուղատնտեսական ծրագրեր պետք է անենք, բա Գյուղնախարարությունը որտե՞ղ է»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին Պեկինում հանդիպում է ունեցել չինական մի քանի խոշոր ընկերությունների` Ganergy Heavy Industry Group, Hajer, Սինձյան նահանգում գործունեություն ծավալող «Չժեն Ի» և MZTL ընկերությունների ղեկավարների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ներդրումային տարբեր ծրագրեր իրականացնելու հեռանկարներն ու հնարավորությունները:

«Չժեն Ի» ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ պատրաստ են Չինաստան ներմուծել հայկական կոնյակ, գինի, գյուղատնտեսական վերամշակված ապրանքներ, նաև ներդրումներ կատարել մեր երկրում` ստեղծելով արդյունաբերական գոտի:

«Չինաստանից շատ բան ունենք վերցնելու և տալու: Տեսեք, ասում են՝ գինի, կոնյակ կարտահանենք, բա նախարարությունն ինչո՞ւ եք փակել: Գինու և կոնյակի հումքը  գործարանում չէ, խաղողի այգում է լինում: Եթե մեծ ծավալի գյուղատնտեսական ծրագրեր պետք է անենք, բա Գյուղնախարարությունը որտե՞ղ է:

Չինական կողմը միշտ սիրում է շփվել պետական կառույցների հետ: Եթե հասարակական կազմակերպությունների հետ էլ աշխատում է, ապա անպայման կառավարության,  նախարարության երաշխիքն է ուզում, որ կարող ենք գործընկեր լինել: Հարցնում եմ՝ Գյուղատնտեսության նախարարությունն ինչո՞ւ փակեցիք, հիմա ես եմ, ուզում եմ աշխատել չինացիների հետ,  գնամ ո՞ւմ ասեմ՝ պարոն նախարար, ինձ թուղթ տուր, որ ես լավ գործընկեր եմ: Ասել եմ ու կասեմ՝ այս նախարարությունը մեկ տարի հետո կրկին բացելու են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը:

Անդրադառնալով Կառավարության մշակած ծրագրին, որով արտերկրից բարձր վերարտադրության խոշոր եղջերավոր անասուններ կներկվեն, Հրաչ Բերբերյանը հայտնեց, որ իրենց միավորումը ստեղծել է աշխատանքային խումբ, որը կօգնի գյուղացիներին արտերկրում ընտրել խոշոր եղջերավոր անասուններ, որոնք իրենց որակական հատկանիշներով բարձր կլինեն։

«Անցած տարի Գյուղատնտեսության նախարարությունը Լիտվայից ներկրեց խոշոր եղջերավոր անասուններ, որտեղ մոտ 30 անորակ, կիսահիվանդ, երկրորդ ծնելիության անասուններ կային, որը հակասում էր պայմանագրին, այսինքն՝ գյուղացուն ուղղակի խաբել էին: Հիմա կփորձենք գյուղացուն օգնել, խորհրդատվական ծառայություն մատուցել: Գյուղացին այն մակարդակը չունի, որ գնա, ընտրի ու բերի: Էլի ինչ-որ մեկին կգտնեն, էլի ինչ-որ մեկին կբերեն, մի 5000 գլուխ կլցնեն ու զոռով ժողովրդի վրա կվաճառե՞ն: Վարկ ես վերցրել՝ արի տար, հա՞: Հետո անասունների կեսը կրկին կկոտորվի, ու նույն տաշտակի առջև կկանգնենք»,- նշեց Հրաչ Բերբերյանը:

«Որպեսզի անանսունները չկոտորվեն,  կարևոր է նաև ճիշտ կերակրատեսակի ընտրությունը: Դրա համար ուզում ենք սովորեցնել ֆերմերներին այս ամենը:  Օրինակ՝ մի կերի մեջ պրոտեինի քանակը պետք  է լինի 25 տոկոս, մյուսի մեջ՝ 22, թե չէ 8000 լիտր կաթը չի տա: Կերից կախված է կաթնատվությունը կամ մսատվությունը բարձր կամ ցածր լինելը: Կերը վատ են տալիս, դրա համար 8000-ի փոխարեն՝ 3000 լիտր է տալիս կաթ: Հետո, կա, որ մեկը մսակաթնատու է, մյուսը՝ միայն կաթնատու: Վիտամինների, պրոտեինների քանակը պետք է բերես օպտիմալ տեսքի, որ այդ անասունն այդ ժամանակ  ինքն իրեն արդարացնի: Էլ չեմ ասում այն, որ աղի տոկոսը բարձր արեցիր՝ սատկում է: Հատկապես՝ խոզը: Մի քիչ կերը աղի եղավ, վերջ: Աղիները բորբոքվում են, ու բուժման ենթակա չէ: Նույնը՝ նաև թռչնաբուծության դեպքում»,- հավելեց «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս