Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը որոշեց ինքնաբացարկ հայտնել դատարանին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ այսօր՝ մայիսի 13-ին, մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով առաջին դռնբաց դատական նիստը։
Ռոբերտ Քոչարյանի հետ մեղադրյալի կարգավիճակում են նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Քրեական գործը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել չորս նախկին պաշտոնյաներին, վերաբերում է 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածին։ Մեղադրանք է առաջադրված Հայաստանի Հանրապետության Սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքով։ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործը հարուցվել է 2018թ. հուլիսի 3-ին։
Այս գործով ներկայումս կալանքի տակ է միայն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Արմեն Գևորգյանի և Սեյրան Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Յուրի Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը։
Նշենք, որ այսօրվա դատական նիստին դատավորը պետք է անդրադառնա ամբաստանյալների խափանման միջոցի հարցին և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում կայացնի: Նախկինում նման որոշում դատավորը կայացնում էր դատաքննություն նշանակելիս՝ միանձնյա, սակայն Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել այս դրույթը: Առաջին անգամ այն քննվելու է դռնբաց՝ դատավարության մասնակիցների մասնակցությամբ։
Դատական նիստը սկսվելուց քիչ անց 10 րոպեով ընդմիջվեց՝ մինչև սույն գործով դատախազի ներկայանալը։
Ընդմիջման ընթացքում Ռոբերտ Քոչարյանը ինչ-որ բան էր ընթերցում ու զրուցում իր փաստաբանների հետ։ Այս պահին դահլիճում են պաշտպանական խմբից Հովհաննես Խուդոյանը, Ռուբեն Սահակյանը, Արամ Օրբելյանն ու Հայկ Ալումյանը։
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս դատարանում է։
Նիստը վերսկսվելուն պես դատավարությունը կողմերից փորձեց ճշտել նրանց դիրքորոշումը դատական նիստը տեսաձայնագրելու և հեռարձակելու վերաբերյալ։
Քանի որ ներսում ոչինչ չէր լսվում, դահլիճը չափազանց փոքր էր, և ապակե պատերից այն կողմ ոչ ոքի ոչինչ հասանելի չէր, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատարանին միջնորդեցին դատական նիստն այլ դահլիճում անցկացնել, որպեսզի համահանրապետական նշանակության այդ գործին առնվազն լրագրողների ներկայության ու նիստը լուսաբանելու մասով խոչընդոտ չլինի։
Մասնավորապես առաջարկվեց նիստերն անցկացնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում։ Ինչևէ, նիստը շարունակվեց։
Ըստ պաշտպանների՝ չի կարող դռնբաց համարվել այն դատավարությունը, որի ընթացքում դատական կարգադրիչները փակել են մուտքի դուռը ու թույլ չեն տալիս, որ մարդիկ ու բավականին թվով լրատվամիջոցներ ներս մտնեն։ Դատավորը կարգադրեց բացել մուտքի դուռը։
Դատական նիստերի դահլիճը բավականին մարդաշատ է։ Ներսում են Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, լրատվամիջոցներ։
Դատավորը թույլատրեց դատական նիստը տեսաձայնագրել ու հեռարձակել առցանց ռեժիմով։
Պաշտպան Հայկ Ալումյանը տարակուսեց, թե ինչպես էր գլխավոր դատախազը հայտնվել փակ գոտում, և ինչու դատավորի ծառայողական մուտքից մտավ նիստերի դահլիճ՝ շեշտելով, որ այդ հարցի պատասխանն իրեն թույլ կտա հասկանալ՝ կա՞ արդյոք արտադատական կապ նախագահող դատավորի և գլխավոր դատախազի միջև։
Հարցը հնչեցվեց դատավորին ինքնաբացարկ հայտնելու դատավարական ընթացակարգի շրջանակներում։
Դատարանը պաշտոնապես հայտնեց, որ իրենք չեն շփվել, և դատավորը պարտավոր չէ հետևել, թե ով որտեղից կմտնի դատական նիստերի դահլիճ։
Ի դեպ, դատավոր Դավիթ Գրիգորյանն այն 11 դատավորներից է, ում նկատմամբ ապրիլի վերջին ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը դիմել էր Բարձրագույն դատական խորհուրդ՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, և Հայկ Ալումյանին հետաքրքիր էր, էթե արդյո՞ք դատավորը վստահություն ունի, որ ԲԴԽ-ն իր լիազորությունները չի դադարեցնի, ինչին դատավորը պատասխանեց, որ վստահ է՝ նման խնդիր չի առաջանա։
Այնուամենայնիվ, դատավորի հետ մի քանի հարցեր ճշտելուց հետո երկրորդ նախագահի պաշտպանական կողմը 5 րոպե ընդմիջում խնդրեց դատարանին ինքնաբացարկ հայտնելու հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ճշտելու վերաբերյալ։
Պաշտպանական կողմը որոշեց ինքնաբացարկ հայտնել դատարանին։ Հայտարարվեց 40 րոպե ընդմիջում՝ այդ միջնորդությունը ներկայացնելու համար։