«Գործարաններ պետք է բացվեն, աշխատատեղ լինի, որ ժողովուրդն էլ չգնա խոպան՝ 40 ռուբլիով էշություն անի»
Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում ներկայացրեց 100 փաստ, որը կատարվել է մեկ տարվա ընթացքում: Վարչապետը նշեց՝ ընթացիկ տարվա բյուջետային եկամուտները կգերակատարվեն ոչ թե 40 մլրդ դրամով, ինչպես հայտարարել էի, այլ 62 մլրդ դրամով, այսինքն՝ 129 մլն դոլարով ավելի: Հեղափոխությունից հետո ավելացված արժեքի հարկի գծով շուրջ 15 մլրդ դրամ ավելի գումար է վերադարձվել տնտեսվարողներին՝ նախորդ նույն ժամանակաշրջանի համեմատ: Այսինքն՝ 15 մլրդ էլ այստեղ ենք վերադարձրել բիզնեսին: 51 հազար աշխատատեղ դուրս է բերվել ստվերից՝ որոշ մասը, ենթադրաբար, նոր ստեղծված աշխատատեղեր են: 85 հազար թոշակառու-նպաստառուների թոշակը բարձրացվել է պարենային աղքատության գծից՝ նրանց ծայրահեղ աղքատության շեմից դուրս բերելու համար:
168.am-ը տաքսու վարորդներից հետաքրքրվեց՝ իրենք ի՞նչ փոփոխություններ են տեսել մեկ տարվա ընթացքում և ի՞նչ են ակնկալում առաջիկա տարիների համար:
«Ամբողջ կյանքիս ընթացքում առաջին անգամ տեսա ազատ, արդար ընտրություններ: Մարդկանց ավտոբուսներով չէին բերում, ընտրություններից առաջ թաղի տղերքին չէին հավաքում, փող բաժանելու խոսակցություններ չկային, չնայած Ազգային ժողովի էն խմբակցությունները, որ ասում են՝ ընդդիմադիր են, այ դրանք մտադրություն ունեին փող բաժանելու, բայց գիտեմ՝ լիքը մարդ հրաժարվել էր: Սա՝ լավ կետը, իսկ վատն այն է, որ վարկերի հարցը չի լուծվում: Ընտանիք չկա, որ վարկ չունենա: Տաքսի քշելով՝ ես կասեի՝ 24 ժամ, մի կերպ վարկ եմ փակում: Գոնե վերանայեն սպառողական վարկի տոկոսները և մի փոքր նվազեցնեն, որ մեր երեխեքն էլ ամիսը մեկ գոնե իրենց կարողանան մի բան առնել»,- ասաց տաքսու վարորդներից մեկը:
«Կարևորը՝ գործարաններ պետք է բացվեն, աշխատատեղ լինի, որ ժողովուրդն էլ չգնա խոպան՝ 40 ռուբլիով էշություն անի: Հեն ա, տղես էլի ընտանիքը թողել՝ գնացել ա, ի՞նչ անի, մնա՝ ո՞նց նայի կնոջ ու երեխեքի աչքերին»,- նշեց մեկ այլ վարորդ:
«Վարչապետը ոնց որ դադարեցրել է երկիրը թալանածներին ասֆալտին փռել: Թալանված գումարները հետ բերելու գործընթացը կանգնե՞լ ա, թե՞ ես եմ անուշադիր»,- հարցրեց մյուս վարորդը:
Տաքսու վարորդները խոսեցին նաև իրենց մտահոգող երկու կարևոր հարցերի մասին:
«Էդ տրանսգենդեր են ասում, ինչ են ասում… Դրանք էս վերջին 5 տարվա ընթացքում մի տեսակ բազմացել են: Դրանց աճին կարո՞ղ ա ԳՄՕ-ն ա նպաստել, հորմոնալ սնունդը, էլի, որ բերել, ամբողջ շուկան լցրել են»,- իր մտահոգությունը հայտնեց վարորդներից մեկը:
Մյուսն էլ, թե՝ «Ավտոգազի որակի և քանակի մեջ ոնց որ մի բան այն չէ: Ինչո՞ւ է ավելացել լիցքավորվող գազի ջերմաստիճանը: Ինչո՞ւ է գազի գինը քաղաքից դուրս ավելի էժան, քան քաղաքում: Խորանարդ մետրը փոխեցին կիլոգրամով, որ իբր թե չխաբեն։ Գրում ա՝ ասենք՝ 10 կգ լցրել ա, դե արի իմացի՝ 10 ա լցրե՞լ, թե՞ 8։ Խնդիրն այն է, որ ոչ ոք չի կարող հստակ ասել, թե քանի կիլոգրամ գազ է լցվել, ինչ որակի գազ է լցվել»:
«Շատ կուզեմ, որ մեր վարչապետին շրջապատեն գործից հասկացող ու հայրենասեր մարդիկ, որ իրոք մեր երազած երկիրն ունենանք, հազարավոր մարդկանց պայքարն էլ իզուր չլինի: Մի բան էլ ասեմ՝ չասեք, թե ինչ էլ ախորժակ ունի: Ռադիոյով լսեցի՝ վարչապետն ասաց, որ 51 հազար աշխատատեղ դուրս է բերվել ստվերից: Տո մենք ոչ ստվերում ենք, ոչ էլ լույսի տակ: Վաղը 25.000 թոշակ ենք ստանալու՝ խայտառակ լինենք: Մեր հարցն էլ կլուծվի՞ մի օր»,- հետաքրքրվեց մյուս տաքսու վարորդը:
Անի Կարապետյան