Բաժիններ՝

«Վարչապետն ի՞նչ նկատի ունի՝ ավանդական ընտանիք ասելով». Սեքսոլոգը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

Ազգային պատկերասրահում ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով աղմուկ հանած «Իմ մարմինն անձնական է» գրքին, հայտարարել էր.

«Մասնագետ չեմ, բայց կարծեմ՝ 2017թ. մանկապղծության 71 դեպք է Հայաստանում տեղի ունեցել: Ենթադրաբար, դա տեղի է ունենում այն պատճառով, որ երեխաները չեն հասկանում, թե իրենց հետ ինչ է տեղի ունենում: Երեխային գրքում բացատրում էին, որ մարմնի անձնական մասեր գոյություն ունեն: Ասում էր, որ՝ մայրիկս, հայրիկս, եղբայրս ինձ համբուրում են, դա նորմալ է, իսկ երբ օտար քեռիներ ինձ համբուրում են՝ այդքան էլ հաճելի չէ: Մեր երեխեքը մեծանում են, մեզ հարց տվե՞լ ենք, թե այդ ամեն ինչը որտեղից են իմանում: Փողոցի՞ց, իրարից լսելով, թաքուն, ինտերնետում իրենց տարիքի համար չնախատեսված ֆիլմեր նայելո՞վ, պոռնո կայքերից թաքուն օգտվելո՞վ: Սա մեզ չի մտահոգո՞ւմ: Մասնագետ չեմ, կարող է և՝ սխալվում եմ:

Գրքում ոչ մի արտառոց բան չկա: Եթե այլասերվածություն է, ուրեմն պետք է արմատախիլ անել: Եթե մասնագետների չեն հրավիրել, ուրեմն վատ է: Մասնագետներ են գրել, չէ՞, քարտա՞շն է գրել դա:

Երեխային սեռական գրագիտություն պետք է ապահովել: Պարզ հարց եմ տալիս՝ որ ամուսնանում են, մենք գիտե՞նք՝ իրենք որտեղից են ինֆորմացիա ստանում, ու հետո իրենց հետ ինչ է տեղի ունենալու: Որտեղի՞ց են իմանում, փողոցի՞ց, բեսեդկեքի խոսակցությունի՞ց, ծնողներին ականջ դնելո՞ւց: Քանի՞ տոկոսն է ՀՀ քաղաքացիների գրագետ այդ առումով: Դուք գիտե՞ք, որ իմպոտենցիայի մեծ մասն առաջին ամուսնական գիշերը սեռական գրագիտության պակասի արդյունք է: Բա դա ավանդական ընտանիքի խնդիր չէ՞, ժողովրդագրական վիճակի խնդիր չէ՞»:

Բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը 168.am-ի հետ զրույցում խոսելով մանկապղծության դեպքերի մասին՝ ասաց.

«Այո, երեխայի չիմացությունը կարող է բերել նրան, որ նա սեռական չարաշահման ենթարկվի մանկապիղծ անձի կողմից։ Սակայն չիմացություն ասելով՝ այստեղ պետք է հասկանանք ոչ թե «անձնական մասերի գոյության», այլ նմանատիպ անձանց գոյության մասին չիմացությունը, ում անվանում են մանկապիղծներ։ Երեխային պետք է բացատրել, որ աշխարհում, բացի բարի մարդկանցից, կան նաև չար մտադրություն ունեցողները։ Երեխային պետք է տալ բարու և չարի պատկերացումները ու զգուշացնել, որ նա հեռու մնա բոլոր այն տեսակի անձանցից, ովքեր չար են։ Երեխան շատ լավ տարբերակում է չարը, անգամ կարիք չկա նկարագրել, թե ինչպիսի տեսք ունի նա։

Հեքիաթների միջոցով կարելի է նրան ծանոթացնել չարի տարբեր կերպարանափոխումներին, ընդհուպ՝ մինչև բարու կեղծ դիմակով հանդես գալու հնարավորությանը։

Երբ երեխային բացատրում ենք, որ նա պետք է հեռու մնա մանկապիղծ անձից, դա նշանակում է, որ նա պետք է անմիջապես հեռանա, փախչի, մոտ չթողնի իրեն, չգտնվի նրա հետ նույն փակ տարածքում, թույլ չտա նրան դիպչել իրեն, կարելի է բացատրել, որ «պղծել»՝ նշանակում է, որ այդ չար անձը ցանկություն ունի չար սերմեր գցել իր մեջ, որ նա կարող է դա անել միայն այն դեպքում, երբ շատ մոտ գտնվի իր մարմնին, այն աստիճան մոտ, որ կարողանա դիպչել։

Ուշադրություն՝ երեխային չպետք է ասել՝ «թույլ չտաս, որ նա դիպչի քո հետույքին կամ կրծքերին», պետք չէ երեխայի ուշադրությունն ավելորդ սևեռել ու գամել մարմնի այդ հատվածների վրա, ի վերջո՝ մարմնի մյուս հատվածներին դիպչելու թույլտվություն հավասարապես չկա։

Ի դեպ, մանկապիղծը կարող է լինել նաև ընտանիքին մոտ գտնվող անձը, ով շահել է երեխայի վստահությունը։ Ուստի երեխային պետք է զգուշացնել այդ մասին ու բացատրել, որ չարը կարող է գործել նաև ընտանիքի անդամների միջոցով։ Հատկապես այս դեպքերում երեխային պետք է ասել, որ նա անմիջապես այդ մասին տեղեկացնի մայրիկին կամ նրան, ով իրեն կարող է պաշտպանել այդ պահին։

Կրկին ուզում եմ շեշտել՝ սեռական օրգանների մասին պետք չէ այստեղ հատուկ շեշտել, 3-6 տարեկան երեխային բավական է ասել՝ մոտ մի թող քեզ ու փախչիր չարից»:

Ինչ վերաբերում է վարչապետի այն խոսքին, որ երեխայի սեռական գրագիտությունը պետք է ապահովել, բժիշկը նշեց.

«Իհարկե, երեխային պետք է սեռական գրագիտություն տալ, և կան նմանատիպ գրքեր, անց են կացվում սեմինարներ, կան բժիշկների մասնագիտական ֆեյսբուքյան էջերը, կայքերը։ Իհարկե, այս ամենը գուցե հանրային տարածում չունի, որի պատճառները միգուցե պետական ֆինանսավորում չունենալն է։ Իսկ նմանատիպ այն միջոցառումները, որոնք ստանում են հանրային հնչեղություն, ցավոք, միջազգային աղբյուրներից են ֆինանսավորվում, որը սեռականության ոլորտում անընդունելի է, քանի որ սեռականության ոլորտում չափազանց մեծ դեր է խաղում մշակութային գործոնը, այն, ինչ նորմալ է մի մշակույթի համար, անընդունելի է ուսուցանել այլ մշակույթում»։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարության մասին, որ իմպոտենցիայի մեծ մասն առաջին ամուսնական գիշերը սեռական գրագիտության պակասի արդյունք է, ու դիտարկմանը՝ «բա դա ավանդական ընտանիքի խնդիր չէ՞, ժողովրդագրական վիճակի խնդիր չէ՞», Նարինե Ներսիսյանը նկատեց.

«Այո, իմպոտենցիայի կամ տղամարդու սեռական թուլության պատճառների մեջ սեռական ապատեղեկատվությունը մեծ դեր է խաղում։ Բայց ես դա չէի կապի ավանդական ընտանիքի հետ։ Կամ էլ ես չեմ հասկանում՝ վարչապետն ի՞նչ նկատի ունի՝ ավանդական ընտանիք ասելով։ Ըստ իս՝ ապատեղեկատվությունն ավելի շատ հենց ավանդույթի բացակայությունից կարող է գալ, քան թե հակառակը, քանի որ ավանդույթ հենց նշանակում է՝ գիտելիքի և կյանքի հմտությունների փոխանցումը սերնդեսերունդ, այդ թվում՝ սեռականին վերաբերող։ Ուրիշ բան, որ միգուցե այսօր շատ հայ ընտանիքներ մոռացել են այն գեղեցիկ ավանդույթները, բարոյականը, որով ժամանակին կրթվել են հայ օրիորդները և դյուցազն ասպետները։

Ամեն դեպքում, իմպոտենցիան միայն սեռական գրագիտության պակասից չէ, կան շատ ուրիշ պատճառներ»։

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս