
Ապօրինի հարստացման հոդվածով Հայաստանում քրեական հետապնդում է իրականացվում 5 անձի նկատմամբ

Հայաստանում ապօրինի հարստացման հոդվածով քրեական հետապնդում է իրականացվում 5 անձի նկատմամբ: Իսկ փողերի լվացման հոդվածով նախորդ տարի հարուցվել է 8-9 քրեական գործ:
Այս մասին ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդման քննարկմանն ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցի:
«Այդ երկու հանցակազմերը մեր իրավակիրառ պրակտիկայի համար նորություններ են: Եվ ամբողջ աշխարհում իրավական մեկնաբանությունների վիճահարույց խնդիրներ ունեն։Այդուհանդերձ մեր երկրում մեկ ու կես տարվա ընթացքում արդեն գործում է ապօրինի հարստացման քրեական օրենքով նախատեսված հոդվածը: Այս պահի դրությամբ ունենք 5 անձ, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում »,-ասաց Դավթյանը:
Փողերի լվացման առումով 2018 թվականին դրան նախորդող տարվա համեմատ ևս ակտիվացում է նկատվել: 2017 թվականին այդ հոդվածով ոչ մի գործ չի եղել: Դատախազի խոսքով՝ 2018թ.-ին 8-9 քրեական գործ կա այս հոդվածով: «Սակայն խնդիրն այն է, որ հաճախ ոչ թե ի սկզբանե քրեական գործ է հարուցվում փողերի լվացման հոդվածով, այլ ուրիշ հանցագործությունների գործերի ընթացքում, երբ պարզվում է, որ փորձ է արվել հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը օրինականացնել, նրա մեղադրանքի մեջ ընդգրկվում է նաև փողերի լվացում»,-ասաց նա:
Դավթյանի գնահատմամբ՝ կոռուպցիոն հանցագործությունների և դրանցով քրեական հետապնդումների ակտիվացումը բերելու է այդ հոդվածով հետապնդումների քանակական աճի։