«Պատվաստումները կյանքեր են փրկում». ԱՆ
TV5 հեռուստաընկերությամբ հեռարձակված «Ստիպողական պատվաստում» ռեպորտաժի ընթացքում հնչեցված բոլոր մեկնաբանությունները բացահայտ սուտ են և միտված են բնակչության շրջանում պատվաստումների վերաբերյալ ապատեղեկատվության տարածմանն ու անվստահության մթնոլորտի ձևավորմանը:
Փաստենք, որ Հայաստանի Հանրապետությունում պատվաստումներն իրականացվում են բացառապես բժշկական կազմակերպություններում` բժշկական հակացուցումներ չունեցող քաղաքացիներին, իսկ անչափահասների կամ անգործունակ ճանաչված անձանց պարագայում` կատարվում է ծնողների կամ օրինական ներկայացուցչի համաձայնության դեպքում:
Ինչ վերաբերում է բջջային հաղորդագրությանը, ապա տեղեկացնենք, որ «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակներում, Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող բջջային օպերատորների կողմից (ՅՈւՔՈՄ, ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ) առողջապահության նախարարության առաջարկով բոլոր բաժանորդներին՝ առանց սեռատարիքային սահմանափակման, ապրիլի 25-30-ն ընկած ժամանակահատվածում հղվել է հաղորդագրություն հետևյալ բովանդակությամբ. «Պատվաստումները կյանքեր են փրկում:
Նախատեսված են և մեծերի, և փոքրերի համար: Պաշտպանվենք միասին: Դիմեք պոլիկլինիկա: Թեժ գիծ՝ 550601»:
Սա քայլ է` մեկ անգամ ևս հիշեցնելու պատվաստումների կարևորությունն ու արդյունավետությունը: Նշենք, որ «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը Հայաստանում նշվում է 2005 թվականից, որի ընթացքում օգտագործվում են իրազեկման բոլոր հնարավոր հարթակները, այդ թվում նաև հեռահաղորդակցության միջոցները:
Կոչ ենք անում լրատվամիջոցներին զերծ մնալ ոչ մասնագիտական, փաստերի վրա չհիմնված, գիտականորեն չապացուցված տեղեկատվություն տարածելուց:
ՀՀ առողջապահության նախարարություն