Բաժիններ՝

«Մեր գնահատմամբ՝ այդ 50.000 աշխատատեղերի 1/5 մասը նոր աշխատատեղեր են». Տիգրան Խաչատրյան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին, թե վերջին մեկ տարվա ընթացքում ներդրումներով պայմանավորված քանի՞ նոր աշխատատեղ է բացվել Հայաստանում, ասաց, թե նախարարությունը լրատվամիջոցներին տեղեկանք կփոխանցի, որտեղ ներկայացված կլինեն այն աշխատատեղերը, որոնք ստեղծվել են Կառավարության կողմից արտոնություններ ստացած ծրագրերի շրջանակներում:

«Բայց մենք ամեն ստեղծվող աշխատատեղերի մասին չէ, որ գիտենք, գիտենք միայն այն դեպքում, երբ այդ ծրագիրն իրականացնողը դիմել է մեզ: Մեկ նրբություն կա, երբ կառավարությունը ծրագիրը հաստատում է, տնտեսվարողն ասում է, որ իրեն տանք երեք տարվա արտոնություն, որպեսզի իրականացնի իր ծրագիրը և ստեղծի, ենթադրենք, 960 աշխատատեղ: Բայց դա չի նշանակում, որ նրա թվարկած բոլոր աշխատատեղերը ստեղծվելու են առաջին եռամսյակի ընթացքում:

Նույն կերպ այսօր ստեղծվում են աշխատատեղեր, քանի որ Կառավարությունը երկու տարի առաջ արտոնություն էր տվել, և այդ ծրագրի իրականացումը սկսվել է երկու տարի առաջ: Այսինքն՝ եթե մենք ցանկանում ենք իմանալ, թե այս ժամանակահատվածում ինչ աշխատատեղեր են ստեղծվել, պետք է նայենք նախորդ և այդ ընթացքում տրված ծրագրերի արտոնություններին»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված  50.000 նոր աշխատատեղերին, Տիգրան Խաչատրյանը նշեց, որ դրա մասին շատ է խոսվել, և դա ունի իր բացատրությունը:

«Վիճակագրությունը չի կարող տարբերել, որ այդ աշխատատեղը, որը ստեղծվել է, իր մասին հայտարարություն է ներկայացրել հարկային մարմին և սկսել հարկեր վճարել, այն նոր աշխատատեղերն են: Մեր գնահատմամբ՝ այդ 50 հազար աշխատատեղերի 1/5 մասը նոր աշխատատեղեր են»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս