«Շուտով մեկ ամիսը չգերազանցող ժամկետում կունենանք առաջին արտադրանքը». Նախարարը՝ հեռուստացույց արտադրող գործարանի մասին
Մամուլում տարածված տեղեկատվությունը, թե «ԱՅ ԷՄ ՋԻ գրուպ» ՓԲԸ-ն գոյություն չունի՝ իրականությանը չի համապատասխանում: Այդ կազմակերպությունը կա, պարզապես արտադրանքի որոշակի ուշացում է եղել՝ պայմանավորված իր տեխնիկական խնդիրներով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով այն լուրերին, որ հեռուստացույցներ արտադրող գործարանը, որի բացմանը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իրականում գոյություն չունի:
«Կառավարության նախորդ նիստի ժամանակ ես զեկուցում էի, որ այդ կազմակերպությանն արտոնություններ տան, և դա առիթ հանդիսացավ, որ այդ հարցի կապակցությամբ ևս մեկ անգամ պարզաբանում տրվի: Վերջին օրերի ընթացքում առիթ եմ ունեցել ճշտելու, որ ամեն ինչ իր ընթացքի մեջ է, այդ արտոնությունը հենց դրա համար էր, որ դեպի Հայաստան ներկրվող մասերը, որոնք պետք է օգտագործվեն արտադրանքի մեջ, ներկրվեն արտոնություններով: Շուտով մեկ ամիսը չգերազանցող ժամկետում մենք կունենանք առաջին արտադրանքը: Անձամբ կխնդրեմ, որ հատուկ լրատվամիջոցներին տեղեկացնեն, որ այդ մտահոգությունները փարատվի»,- շեշտեց Տ. Խաչատրյան:
Հիշեցնենք, որ դեռևս 2018թ. դեկտեմբերի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել էր Մերձավանում «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ-ի՝ կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի բացմանը:
Հաղորդվում էր, որ «նախնական կապիտալ ներդրումը և գործառնական ծախսերը կազմում են 4.5 մլն ԱՄՆ դոլար»:
Սկզբնական փուլում գործարանը պետք է ունենա 70-80 աշխատատեղ և տարեկան պետք է արտադրի 126 հազար միավոր կենցաղային տեխնիկա՝ հեռուստացույց, լվացքի մեքենա, օդափոխիչ, սառնարան և տեխնիկա: Նախատեսվում է, որ գործարանը կսպասարկի ոչ միայն Հայաստանը, այլ նաև տարածաշրջանի և ԱՊՀ երկրները:
AntiFake.am-ը փորձել էր կապվել գործարանի ադմինիստրացիայի հետ՝ պարզելու համար, թե բացումից հետո ինչ հաջողություններ է գրանցել գործարանը, որքանով են բավարարվել ներդրումային սպասելիքները, և ինչ մասշտաբ է ընդգրկում գործարանի արտադրանքի գործածությունը, և ինչ ծրագրեր կան արտադրանքը արտահանելու համար: Սակայն նրանց չէր հաջողվել գտնել որևէ կոնտակտային տվյալ գործարանի հետ կապ հաստատելու համար:
Տեղեկություն ստանալու համար աղբյուրը կապվել է Մերձավանի համայնքապետարանի հետ՝ խնդրելով որևէ տեղեկություն կամ կոնտակտային տվյալ տրամադրել, սակայն համայնքապետարանի աշխատակիցը տեղյակ չէր և խոստացել էր ճշտել: Եվս մեկ զանգի արդյունքում աշխատակիցը, որն ինքն էլ զարմացած էր, տեղեկացրել է, որ գործարանը չի գործում: AntiFake.am-ի հարցին, թե որոնք են գործարանի աշխատանքների կասեցման պատճառները, աշխատակիցը հայտնել է, որ որևէ տեղեկություն չունի:
Ավելին, աղբյուրը հայտնում է, որ «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ-ի մասին որևէ նշում չկա նաև ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում, ինչը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել մի գործարանի բացմանը, որն անգամ գրանցված չի էլ եղել։
Զվարթ Խաչատրյան