Առաջարկվում է մասնավորեցման ենթակա գույքի ցանկից հանել 2 կազմակերպություն

Այսօր ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Ըստ այդմ՝ առաջարկվում է մասնավորեցման ենթակա գույքի ցանկից հանել 2 կազմակերպություն՝ «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» և «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերությունները:

Ա.Թորոսյանը նշեց, որ «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն» ամենամեծն է իր տեսակի մեջ, որ մատուցում է համապարփակ ուռուցքաբանական ծառայություններ.

«Մենք կարծում ենք, որ նման ազգային նշանակության կենտրոնը, որ նման կարևոր ֆունկցիա է կատարում, պետք է մնա պետական և չմասնավորեցվի»,- ասաց նախարարը:

Ըստ նրա՝ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնը ևս ունիկալ է իր տեսակի մեջ, այնտեղ բուժվում են բոլոր այրվածքների դեպքերը, նաև Չեռնոբիլից տուժածները, իսկ մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ ատոմակայան կա, անկայուն է, և անհրաժեշտ է, որ կենտրոնը մնա պետական. «Այրվածքաբանության կենտրոնն այս պահին ունի լուրջ ֆինանսական վիճակ, պարտքեր ունի, որ պետք է հասկանանք, թե ինչպես ենք մարելու: Նոր տնօրինությունը պետք է զբաղվի նաև ավել հաստիքների հարցերով»:

Նախարարը հույս հայտնեց, որ մինչև տարեվերջ կենտրոնի պարտքերը կմարվեն և կենտրոնը կդառնա շահութաբեր:

«Կարծում ենք՝ առողջապահությունը կթևակոխի նոր փուլ»,- ասաց Ա.Թորոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս