Ինչո՞ւ է արդարադատության նախարարը հերքում անհերքելին. Կամ՝ խաբելու հետևանքները

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի մտքի պարբերական փայլատակումները, ըստ էության, պատուհաս են դարձել քրեակատարողական հիմնարկների համար։ Արտակ Զեյնալյանին թվում է, թե Մոզամբիկում կամ Հասարակածային Գվինեայում ենք ապրում, ու ոչ հասարակությունը, ոչ էլ իշխանության տարբեր թևեր բոլորովին էլ տեղյակ չեն քրեակատարողական հիմնարկների օբյեկտիվ պատկերից։

Արդարադատության նախարարը, ով կաշվից դուրս է գալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ իր պաշտոնում պաշտոնավարելը գոնե ինչ-որ կերպ իմաստավորելու համար, երբեմն այնքան է ոգևորվում, որ մոռանում է, որ ով՝ ով, բայց վարչապետը քաջատեղյակ է քրեակատարողական համակարգի օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներից հասկանալի պատճառով։ Բայց նախարարը կառավարության նիստում փորձեց, ինչպես ասում են՝ «խաբել», ու փորձը փորձանք դարձավ։

Ապրիլի 18-ին Կառավարության նիստում Արդարադատության նախարարը հայտարարում է, որ քրեակատարողական հիմնարկում արմատախիլ են արված հոռի բարքերը, բոլորի դռների անցքերը փակ են, չկա խուց, որ չի ստուգվում, բաց խցեր առհասարակ չկան, ոչ ոք արտոնություն չունի, բոլորի հանձնուքները ստուգվում են, ինչին ընդամենը 5 օր անց հետևեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տեսանյութը, որը փաստում էր նախարարի խոսքերի ուղիղ հակառակի մասին։

Այսինքն՝ կամ Արդարադատության նախարարը խաբում է վարչապետին, կամ ակնհայտորեն չի տիրապետում իրավիճակին։

Թվում էր, թե իրավիճակը շտկելուն միտված փոխատեղումներից հետո նախարարը առժամանակ գոնե կլռի, երազանքի դաշտից անհավանական հայտարարություններով հանդես չի գա, բայց երեկ՝ ապրիլի 29-ին տված ասուլիսի ընթացքում կրկին հայտարարում է.

«Քրեակատարողական հիմնարկներում չկա այնպիսի խուց, որը չի խուզարկվում, չկա այնպիսի դատապարտյալ, ով նախկինի նման արտոնյալ է, և նրանից չեն առգրավում իրեր: Նախկին բարքերը, ըստ որի՝ ՔԿՀ-ներում ընթացիկ վերանորոգում անելու գումարը ստացվում էր, այսպես ասած, «նայողից», դա վերացված է, նրանց գործառույթը վերացված է, որպեսզի նրանք կարողանան գումարներ հավաքագրել ներսում: Մահճակալների համար վճարներ չկան, ներսում առձեռն գումարներ չեն շրջանառվում»:

Արդարադատության նախարար, երկրորդ մասնագիտությամբ իրավաբան Արտակ Զեյնալյանը գիտակցո՞ւմ է արդյոք, որ որպես պետական պաշտոնյա՝ ինքն իրավունք չունի մերկապարանոց հայտարարություններ անել, նա չի կարող հայտարարել, որ նախկինում գաղութներում գումարներ են շրջանառվել, հիմնարկների պետերն այս կամ այն ծառայության դիմաց, փաստորեն, գումարներ են ստացել դատապարտյալներից, ու չտալ նախկին իշխանությունների օրոք աշխատած քրեակատարողական մի հիմնարկի պետի անուն, որը փաստական հանգամանքների համակցությամբ քրեական պատասխանատվության է ենթարկվել իրենց՝ արդեն մեկամյա իշխանության օրոք։

Չէ, այնպես չէ, որ նախկինում աշխատած հիմնարկի պետ սույն թեմայով պատասխանատվության չի ենթարկվել, բայց դա եղել է ոչ թե իր օրոք, այլ նախորդ իշխանությունների։ Խոսքը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գևորգ Մկրտչյանի և նրա հետ փոխկապակցված անձանց գործի մասին է։

Կարող ենք հիշել մեկ այլ աղմկահարույց դեպք ևս, երբ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Կարապետ Մկրտչյանը և հերթապահ խմբի պատասխանատու հերթապահ Խաչիկ Խաչատրյանը, առանց օրենքով սահմանված անհրաժեշտ պայմանների, իրենց դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, երեք դատապարտյալների հետ երկարատև տեսակցության ակնհայտ անօրինական թույլտվություն էին տրամադրել։

Բայց հակառակի պես՝ սա էլ է նախորդ իշխանության օրոք բացահայտվել։ Ցանկը կարելի է շարունակել։

Հասկանալի է, իհարկե, նախարար Զեյնալյանի՝ նախորդ իշխանություններին փնովելու հաշվին իրեն դեմոկրատ նախարար ներկայացնելու գայթակղությունը, սակայն, որքան էլ նախարարը գերագնահատի իր կարողությունները, նրա աշխատանքի արդյունքները բոլորիս աչքի առջև են։

Նախարարը երեկ մի ուշագրավ հայտարարություն էլ արեց՝ մասնավորապես նշելով.

«Իսկ կերակրադռները բաց են, թե բաց չեն, դա պետք է լինի իրավաչափ, կամ ոչ իրավաչափ: Եթե խուցը դատարկ է, դրա դուռը բաց կամ փակ լինելը նշանակություն ունի՞, թե՞ ոչ: Կամ, եթե ՔԿՀ-ում օդափոխության համակարգը բացակայում է, խոնավությունը չափից ավելի բարձր է, կերակրադուռը բաց թողնելն իրավաչա՞փ է, թե՞ ոչ: Կամ, եթե ստանդարտները պահպանված չեն, և դիտանցքից ամբողջ խուցը չի երևում, դուռը բաց թողնելն իրավաչա՞փ է: Կամ, եթե պետք է ծառայության լինեն 6 հոգի, մեկն է, հնարավորինս արագ իրականացնելու համար դուռը բաց պահելը իրավաչա՞փ է, թե՞ իրավաչափ չի: Սրանք բոլորը հարցեր են, որոնք պետք է պատասխան ստանան»:

Ռուսները մի լավ խոսք ունեն. «После драки кулаками не машут»… Երբ նախարար Զեյնալյանը կառավարության նիստում իր հայտնի հայտարարությունն էր անում, դեռ չգիտե՞ր, որ, եթե ՔԿՀ-ում օդափոխության համակարգը բացակայում է, խոնավությունը չափից ավելի բարձր է, կերակրադուռը բաց թողնելն այլընտրանք չունի, կամ, եթե ստանդարտները պահպանված չեն, և դիտանցքից ամբողջ խուցը չի երևում, դուռը բաց թողնելը միգուցե իրավաչափ է: Կամ, եթե պետք է ծառայության լինեն 6 հոգի, մեկն է, հնարավորինս արագ իրականացնելու համար դուռը բաց պահելը թերևս իրավաչափ է։

Այլ հարց է, որ փորձանքը մեկ անգամ է լինում, և որևէ պարագայում խցի դուռը չպետք է բաց լինի, բայց այստեղ մի ուշագրավ հանգամանք էլ կա։ Նախարարն ինչո՞ւ է այդքան համոզված, որ ՀՀ բոլոր քրեակատարողական հիմնարկներում վիճակն այնպիսին է, ինչպես նկարագրում է, կամ ուզում է, որ լինի ինքը։ Ո՞ւմ զեկույցների վրա հիմնվելով է նախարարը նման հայտարարություններ կատարում՝ քրեակատարողական ծառայության պետի՞, թե՞ հիմնարկների պետերի։ Իսկ Ա. Զեյնալյանը վստա՞հ է, որ իրեն իրականությունն են զեկուցում։

Լավ է, իհարկե, որ նախարարն այդքան վստահում ու հավատում է իր մտերիմ ընկերոջը, բայց միգուցե որպես վերադաս՝ երբեմն նաև փաստե՞րը ստուգի, թե չէ միշտ էլ կգտնվեն շահագրգիռ անձինք, ովքեր ոչ մի պարագայում առիթը բաց չեն թողնի նույն քրեակատարողական ծառայության պետի ոտքերի տակ օճառ դնելու։

Իսկ առհասարակ արդարադատության նախարարը ճիշտ կանի՝ թողնի քրեակատարողական հիմնարկների ծառայողները հանգիստ աշխատեն իրենց՝ առանց այդ էլ անշնորհակալ ու շատ ծանր աշխատանքն անելիս, քանի որ իր հայտարարությունների անմիջական արձագանքը ներսում քրեակատարողական ծառայողներն են իրենց վրա կրում, նրանք են ամեն օր շփվում ազատազրկված անձանց հետ ու տանում ցանկացած բարձր պաշտոնյայի հայտարարության առարկայական հետևանքները։

Տեսանյութեր

Լրահոս