Հավանական փոխատեղումներ քրեակատարողական հիմնարկներում
Արդարադատության նախարարության ու Քրեակատարողական ծառայության շուրջ խմորումները կարծես թե իրենց հանգուցալուծումն են գտնում։ Այսօր Կառավարության նիստից հետո ճեպազրույցների ժամանակ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետն աշխատանքից ազատվելու դիմում է գրել, և ինքը բավարարելու է այն։
Եվ ահա 168.am-ին հայտնի դարձավ կադրային այն փոխատեղումների մասին, որոնք պետք է միտված լինեն քրեակատարողական հիմնարկներում առկա կարգապահական խնդիրները լուծելուն։ Այսպես, «Արմավիր» ՔԿՀ պետ Խաչիկ Հարությունյանն աշխատանքից չի ազատվել, այլ ընդամենը աշխատանքի կանցնի Քրեակատարողական ծառայությունում։ Նրա փոխարեն «Արմավիր» ՔԿՀ պետ կնշանակվի «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Վարուժան Եղիազարյանը։ Նրա փոխարեն «Աբովյան» ՔԿՀ պետի պաշտոնը կզբաղեցնի Արմեն Դաշյանը, ով վերջերս էր վերադարձել Քրեակատարողական ծառայություն «Գորիս» ՔԿՀ պետի պաշտոնից ազատվելուց հետո։
168.am-ին հայտնի դարձավ նաև, որ Քրեակատարողական ծառայության իրավաբանական բաժնի պետի տեղակալ Մանուկ Պողոսյանը կնշանակվի «Կոշ» ՔԿՀ պետի տեղակալի պաշտոնում։ Վերջինս ոչ վաղ անցյալում «Վարդաշեն» ՔԿՀ պետն էր, ով, հայտնվելով սկանդալի կենտրոնում, աշխատանքից ազատվեց, ապա որոշ ժամանակ անց վերադարձավ համակարգ։ Փոխարենը «Կոշ» ՔԿՀ պետի տեղակալ Կարեն Խաչատրյանը համարժեք պաշտոնի կտեղափոխվի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Նշենք նաև, որ «Արմավիր» ՔԿՀ նորանշանակ պետ Վարուժան Եղիազարյանը համակարգի հնաբնակներից է, փորձառու քրեակատարողական ծառայող, և նրա նշանակումն իսկապես կարող է լուծել հիմնարկի կարգապահական խնդիրները։
Հիշեցնենք, որ այս փոխատեղումները ԱԱԾ կողմից հրապարակված տեսանյութի արդյունքն են` կապված արտոնյալ դատապարտյալների, կարգապահական լուրջ բացթողումների հետ։