Հայաստանում առաջին անգամ կատարվել է կենդանի դոնորից լյարդի փոխպատվաստում
Հայաստանի առողջապահության պատմության մեջ առաջին անգամ կատարվել է կենդանի դոնորից լյարդի փոխպատվաստում:
Այս մասին ՀՀ կառավարության ապրիլի 25-ի նիստում հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Երեկ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից ռեցիպիենտին: Աղջկանից տրվել է մորը: Մի կտորը լյարդի վերցվում է, փոխպատվաստվում է մի մարդուն, որի լյարդը չի աշխատում՝ կյանքը փրկելու հույս տալով նրան: Վիրահատությունը կատարվել է «Աստղիկ» ԲԿ-ում, մեր ռուս գործընկերների օգնությամբ, մեր Առողջապահության նախարարության աջակցությամբ: Ուզում եմ նաև հավելել, որ մենք այդ ուղղությունը զարգացնելու ենք: Երիկամի փոխպատվաստման կարիք ունեցող շատ պացիենտներ ունենք, ինչպես նաև լյարդի»,- ասաց Թորոսյանը:
Առողջապահության նախարարը հավելեց, որ նախատեսվում է հաջորդ տարվա բյուջեով գումար նախատեսել նաև երիկամի ու լյարդի փոխպատվաստումների համար:
«Հաջորդ տարվա բյուջեում ծրագրում ենք դրա համար գումար նախատեսել, որպեսզի մեր քաղաքացիներին կարողանանք ինչ-որ չափով գոնե աջակցել, որովհետև այդ փոխպատվաստումները տատանվում են 100 հազար դոլարի շրջանակում»,- նշեց Արսեն Թորոսյանը:
Արսեն Թորոսյանն անդրադարձավ նաև Սուրիշեմի կաթվածի բուժման ծրագրին՝ նշելով, որ այն հաջող է ընթանում: