Պահպանողականներից ԵՀ-ի ղեկավարի պաշտոնի թեկնածուն խոստացել է արգելափակել «Հյուսիսային հոսք-2»-ը
Եվրախորհրդարանում առավել ազդեցիկ՝ պահպանողական Եվրոպական ժողովրդական կուսակցությունից (ԵԺԿ) Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի միասնական թեկնածուն՝ Մանֆրեդ Վեբերը, խոստացել է արգելափակել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը, եթե զբաղեցնի այդ պաշտոնը: Այդ մասին նա հայտարարել է Polska Times հրատարակությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է ապրիլի 23-ին:
Ինչպես գնահատել է քաղաքական գործիչը, «Հյուսիսային հոսք-2»-ը հակասում է եվրոպական շահերին, քանի որ մեծացնում է Եվրոպայի կախվածությունը ռուսական էներգակիրներից: «Իսկ մեզ ավելի շատ անկախություն է հարկավոր ռուսական գազից: Որպես Եվրահանձնաժողովի ղեկավար ես կօգտագործեմ բոլոր նորմաներն ու օրենքները «Հյուսիսային հոսք-2»-ն արգելափակելու համար»,- ասել է նա:
Վեբերի խոսքով՝ 2019 թվականին Եվրոպայի համար ամենակարեւորը միասնությունն է եւ փոխզիջում գտնելու կարողությունը: «Մեզ մոտ չափազանց մեծ է ազգայնականությունը եւ եսամոլությունը: Ես՝ որպես ԵԺԿ-ից Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի գլխավոր թեկնածու, ցանկանում եմ կամուրջներ կառուցել Եվրոպայի արեւելքի եւ արեւմուտքի միջեւ»,-նշել է քաղաքական գործիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: