
Փաշինյանի և Վանեցյանի հարաբերությունները հարթ չեն. Վարչապետը պայման է դրել. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի շուրջ ստեղծված իրավիճակը ներիշխանական կյանքում ամեն ինչ իրար է խառնել։ Եղած խնդիրներին գումարվել են նորերը, բոլորն սկսել են բոլորից զգուշանալ ու միմյանց կասկածել։
Այս վիճակն առկա է նաեւ ամենաբարձր մակարդակում։ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններում էլ ամեն ինչ հարթ չէ։
Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը Դավիթ Սանասարյանի գործը Վանեցյանի համար փորձաքար է համարել. եթե ԱԱԾ-ին հաջողվի ծանրակշիռ հիմքով ապացուցել Սանասարյանի մեղավորությունը, Արթուր Վանեցյանը կշարունակի պաշտոնավարել, եթե ոչ, հրաժեշտ կտա պաշտոնին։
Ի դեպ, Փաշինյանի այս ցանկությունը նոր չէ, բայց առայժմ ձեռնպահ է մնում կտրուկ քայլերի դիմելուց եւ սպասում է հարմար պահի։
Այս ամենում հետաքրքիր դերակատարում ունի նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Վարչապետի կարգադրությամբ աշխատանքից ազատված ու նախագահի աշխատակազմում անմիջապես աշխատանքի անցած Վանեցյանի մոր հանգամանքը, նույն տեղեկություններով, շատ ծանր է տարել Նիկոլ Փաշինյանը։
Վերջինս հասկանում է, որ իշխանությունում հզոր բեւեռ է ձեւավորվում իր դեմ, ինչը պետք է կանխել որքան հնարավոր է շուտ։ Հիմա նյարդերի պայքար է գնում, ու թե ով ինչքան կդիմանա, ցույց կտա Դավիթ Սանասարյանի գործի ընթացքը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: