«Դե ուրեմն, ժողովրդի կառավարություն, գնա ու լուծի այդ խնդիրը, մեր վրա մի ցրի քո պատասխանատվությունը». Աղասի Ենոքյան
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ընթացքում հնչեցրած ելույթին ՝ գրել է.
«Երևանի պետական համալսարանի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղի հարցի լուծումը կառավարության խնդիրը չի, այլ ողջ հայ ժողովրդի խնդիրն է, և բոլորով պետք է լուծենք այդ խնդիրը։
Բայց հայ ժողովուրդն արդեն լուծել է այդ խնդիրը՝ այն պատգամելով ձեզ աշխարհի ամենաժողովրդավարական ընտրություններով։ Ուրիշ դեպքերում նեղանում եք, ասում եք՝ էդ ո՞նց ես խոսում ժողովրդի կառավարության հետ։ Դե ուրեմն, ժողովրդի կառավարություն, գնա ու լուծի այդ խնդիրը, մեր վրա մի ցրի քո պատասխանատվությունը։
Թե՞ ձեզ թվում էր, որ մանդատը տրվել է զուտ Մանվելին նստացնելու ու Քաղաքացու օրը տոնելու համար։ Ոչ, առաջին հերթին տրվել է Ղարաբաղի հարցի լուծման համար։ Երբ պայքարում էիք մանդատի համար, շատ լավ էլ գիտեիք, որ կա բանակ չուղարկելու խնդիր, կա ՀԴՄ չխփելու խնդիր, կան տնտեսական խնդիրներ Ղարաբաղի հարցում, կան աշխարհաքաղաքական խնդիրներ։ Դուք պահանջեցիք մեր քվեն, որպեսզի այդ ամենով հանդերձ՝ լուծեք Ղարաբաղի հարցը։
Հետո դա ի՞նչ ճարպկամտություն է. Երրորդ Հանրապետության ոչ մի իշխանություն չի եկել՝ առանց Ղարաբաղի լուծման մասին պատկերացում ունենալու, այդ դուք եք, որ ասել եք, թողեք գանք իշխանության, այդ հարցի մասին հետո կխոսենք, դուք էիք, որ ամեն ինչ խառնեցիք իրար այնպես, որ այդ մասին իշխանության գալու ընթացքում չխոսվի։
Հիմա եկել եք իշխանության, ուրեմն գնացեք ու լուծեք։ Ձեր 70+ տոկոս քվեն վերցրել եք, որ էլ ի՞նչ անեք։ Ու ժողովրդին բավական է խառնեք այս հարցերին, ժողովուրդը մի անգամ իր խոսքն ասել է՝ ձեզ քվե տալով։ Հիմա ի՞նչ անի ժողովուրդը՝ հաստոցի մոտ աշխատի, դաշտում քաղհան անի, տաքսի քշի, որ այդ փողերից հարկեր մուծի ու ձեզ աշխատավարձ տա, որ դուք գնաք այդ հարցը լուծե՞ք, թե՞ մարշրուտկա քշելուն զուգահեռ՝ մի հատ էլ Ալիևի հետ բանակցի այդ հարցում։
Գնացեք ու լուծեք, եթե չեք կարողանում՝ խոստովանեք ու հեռացեք»։
Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանն այսօր անդրադառնալով Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, ասել է.
«Արցախի հարցի հետ կապված էլի նույն խնդիրն է: Ինձ համար առաջին օրերից տարօրինակ է եղել կասկածի մթնոլորտը՝ վա՜յ, էս ի՞նչ ա կատարվում, էս ինչ են անում: Հասկացել եմ, որ պատճառն այն է, որ հանրությունն իրեն այս գործընթացի մասնակից չի համարում, իրեն չի համարում այն սուբյեկտը, որը մասնակցում է Արցախի հարցի լուծմանը: Մեզ համար այս մոտեցումն ընդունելի չէ: Պարզ է, որ կառավարությունը թիվ մեկ պատասխանատուն է, բայց պետք է գործի որոշակի մանդատի շրջանակներում: Եթե ՌԴ որևէ փորձագետ իրենց մամուլում հարցազրույց տա, ասի՝ կարճ ասած, սենց ա… էսօր էլ կարդացի, որ մի փորձագետ հայտարարել էր, թե ինչ ենք խոսել, ինչ ենք պայմանավորվել: Այդ հարցազրույցի 99 տոկոսն ինձ համար նորություն էր, չնայած այն մասին էր, թե ինչ եմ Վիեննայում խոսել Ալիևի հետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը, հավելոլով՝ մենք չունենք համազգային կամ առնվազն պետական մակարդակով ձևակերպված պատասխան, թե ի՞նչ երկրիր ենք ուզում տեսնել 20, 30, 50 կամ 100 տարի հետո:
«Դրա պատճառն այն է, որ այս տեսլականը ձևակերպելու համար պետք է ձևակերպենք, թե, օրինակ՝ Արցախի հարցի լուծումը մենք ինչպե՞ս ենք պատկերացնում: Երբ մենք մեզ համար հստակ ձևակերպենք, թե Արցախի հարցի լուծումն ինչպե՞ս ենք պատկերացնում, մնացած ձևակերպումները շատ ավելի հեշտ կդառնան: Ամենատարօրինակն այն է, որ այս թեմայի շուրջ մեզ մոտ հանրային դիսկուրս չի եղել: Երբ դուք՝ բոլորդ, ինձ ուղարկում եք բանակցելու, չեք ասում, որ՝ այ, կգնաս ու Ղարաբաղի հարցը կլուծես այսպես:
Այսօր հայ հանրությունը և ժողովուրդը ՀՀ վարչապետին չի ասել՝ գնա բանակցությունների, էս էլ քեզ՝ թուղթը, կարդա, անգիր արա ու կգնաս այսպես կլուծես հարցը: Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Ղարաբաղի հարցի լուծողը ոչ մի նախագահ, ոչ մի վարչապետ, ոչ մի կառավարություն չէ: Ղարաբաղի հարցի ամբողջ սեփականատերը հայ ժողովուրդն է: Եվ ամբողջ հայ ժողովուրդը պետք է հստակ ձևակերպի, թե ոնց է պատկերացնում, այդ հարցի հետ ի՞նչ պետք է լինի: Եվ մենք մի մեծագույն սխալ ենք գործել Երրորդ Հանրապետության ողջ պատմության ընթացքում: Մենք փոխանակ ասենք՝ Ղարաբաղի հարցի լուծման տարբերակները պետք է լինեն մեր նախընտրական քննարկումների, բանավեճերի առանցքային դրույթներից մեկը, մենք հակառակն ենք արել, ասել ենք, որ՝ եկեք Ղարաբաղի մասին չխոսենք: Դրա համար ձևավորվել է այս անորոշության ու կասկածի մթնոլորտը»,- հայտարարել է Փաշինյանը։