«Յուվենթուս»-«Ֆիորենտինա». կնվաճե՞ն թուրինցիները սպասված սկուդետոն
«Ֆիորենտինային» հաղթելու դեպքում «Յուվենթուսը» պաշտոնապես կդառնա Իտալիայի չեմպիոն, բայց արդյո՞ք «մանուշակները» կհանձնվեն առանց պայքարի:
«Յուվենթուս»
«Յուվենթուսը» չկարողացավ արդարացնել երկրպագուների կանխատեսումները Չեմպիոնների լիգայում: Մասիմիլիանո Ալեգրիի թիմը դուրս մնաց պայքարից քառորդ եզրափակիչ փուլում: Ամստերդամում 1:1 հաշվով ոչ-ոքի խաղալուց հետո «ծեր սինյորան» լավ շանսեր ուներ կիսաեզրափակիչ դուրս գալու համար, բայց տանը թիմը պարտվեց 1:2 հաշվով և դուրս մնաց պայքարից:
Սերիա Ա-ում Մասիմիլիանո Ալեգրիի թիմը կայուն և անպարտելի էր մինչև վերջերս: Առաջիկա մրցակցին թուրինցիները գերազանցում են 17 միավորով և առաջիկայում մեկ հաղթանակ գրանցելու դեպքում պաշտոնապես կդառնան չեմպիոն:
Դեռևս նախորդ տուրում թուրինյան ակումբը կարող էր դառնալ Իտալիայի չեմպիոն, սակայն Ալեգրիի թիմը չկարողացավ հաղթել ՍՊԱԼ-ին (1:2) և հետաձգեց պաշտոնապես չեմպիոն հռչակվելը մինչև հաջորդ հանգստյան օրեր: Խաղից հետո Մասիմիլիանո Ալեգրին ստիպված էր ներողություն խնդրել երկրպագուներից:
Այս խաղը բաց կթողնի Մարտին Կասերեսը: Հարցականի տակ է Ջորջիո Կելինիի և Մարիո Մանջուկիչի մասնակցությունը:
«Ֆիորենտինա»
«Ֆիորենտինան» երկար ժամանակ չէր կարողանում ներգրավվել Եվրոպայի լիգայի իրական պայքարի մեջ, առաջնության միջնամասում «մանուշակների» հանդիպումները առիթ տվեցին մտածելու, որ նրանք վճռական էին տրամադրված և պայքարելու են լավագույն 6-յակում տեղ գրավելու համար: Հիմա իրավիճակը կրկին փոխվել է, և, տպավորություն է, որ թիմը ճգնաժամի մեջ է:
Ճգնաժամը զգաց նաև իտալական ակումբի ղեկավարությունը և թիմի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին փոխարինեց Վինչենո Մոնտելուն:
Նոր մարզչի ղեկավարությամբ «Ֆիորենտինան» անցկացրեց ընդամենը մեկ հանդիպում, որը ևս հիասթափեցնող էր երկրպագուների համար: Սեփական հարկի տակ «մանուշակները» ոչինչ չկարողացան անել «Բոլոնիայի» պաշտպանության դեմ:
Հանդիպումը ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Սա երկարացրեց ակումբի առանց հաղթանակի շարքը՝ հասցնելով այն 8-ի:
Վնասվածք ունի Մարկո Մյացան:
Վիճակագրություն
- Առաջին փուլում «Յուվենթուսը» 3:0 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»
- «Յուվենթուսը» վերջին չորս տնային խաղերում հաղթել է «Ֆիորենտինային»
- Այս մրցաշրջանի 16 տնային խաղերում «Յուվենթուսը» տարել է 14 հաղթանակ՝ երկու հանդիպում ավարտվել է ոչ-ոքի
- «Ֆիորենտինան» չի հաղթել առաջնության վերջին ութ հանդիպումներում` երեք պարտություն և հինգ ոչ ոքի
Մասիմիլիանո Ալեգրիի սաները այս շաբաթ ցավոտ հարված ստացան Չեմպիոնների լիգայում: Այս խաղը վերականգնվելու հնարավորություն է: Հաղթանակի միջոցով թուրինցիները կարող են արդարացնել երկրպագուների սպասելիքները և նվաճել կարևոր մրցանակ:
Տան տերերը շատ մեծ մոտիվացիա ունեն, բացի այդ էլ երրորդ խաղն աննդմեջ պարտվելը «Յուվենթուսի» նման ակումբի համար պատվաբեր չէ:
Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության «Յուվենթուս»-«Ֆիորենտինա» խաղը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 20:00-ին:
Սիրարփի Աղաբաբյան