
Սուդանի ռազմական ոստիկանությունը նախկին նախագահի տանը հայտնաբերել է միլիոնավոր եվրոներ

Սուդանի ռազմական ոստիկանությունը երկրի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրի տունը խուզարկելու արդյունքում հայտնաբերել է միլիոնավոր եվրոներ և տեղական արժույթով միլիարդավոր գումարներ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Սուդանի լրատվամիջոցներին:
Հաղորդվում է, որ մասնավորապես, իրավապահները հայտնաբերել են 6 մլն եվրո, 351 հազար դոլար, ինչպես նաև 5 մլրդ սուդանյան ֆունտ: Ավելի ուշ, հայտնաբերված գումարը փոխանցվել է երկրի Կենտրոնական բանկին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Սուդանի բանակն ապրիլի 11-ին պաշտոնանկ է արել Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրին: Նախագահի պաշտոնանկությանը նախորդել են Սուդանում տեղի ունեցած բողոքի ցույցերը: Սուդանում երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարված: