«Շոկի մեջ ենք». «Սպայկա» ընկերությունը՝ աշխատակցի մահվան դեպքի մասին
Այսօր կեսօրից հետո Արտաշատի խճուղու «Սպայկա» ընկերության մոտ գտնվող գերեզմանատանը հայտնաբերել են տղամարդու դի։ Ոստիկանները պարզել են մահացածի ինքնությունը, նա Նորագավիթի բնակիչ Գևորգ Այվազյանն է եղել, որին հարազատները մեկ օր է՝ փնտրում էին։
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, նա աշխատել է «Սպայկա» ընկերությունում՝ որպես անվտանգության պետ։
168.am–ի հետ զրույցում «Սպայկա» ընկերության զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ 36-ամյա Գևորգ Այվազյանը երկար տարիներ աշխատել է ընկերության Արտաշատի ջերմոցներում՝ որպես անվտանգության բաժնի ղեկավար։
«Խորը վշտով այս դեպքի մասին տեղեկացել ենք մամուլից, շոկի մեջ ենք, որևէ կերպ չեմ կարող մեկնաբանել։ Միայն կարող եմ մեր ընկերության խորը ցավակցությունները հայտնել նրա ընտանիքին։ Մենք կանգնած ենք նրա ընտանիքի կողքին, որպեսզի կարողանան այս խորը վշտից դուրս գան, հնարավորության սահմաններում կօժանդակենք իրենց»,- ասաց Կարեն Բաղդասարյանը։
Հարցին՝ կա՞ որևէ վարկած, որի պատճառով նրան կարող էին սպանել, կամ նա դիմեր ինքնասպանության, Կարեն Բաղդասարյանը պատասխանեց, որ որևէ վարկած չունի և ոչինչ չի կարող մեկնաբանել։
Զվարթ Խաչատրյան