«Ներկայումս որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում». ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Մամեդյարովի հայտարարությանը
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի՝ Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո արված հայտարարություններին: Ներկայացնում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը:
– Անդրադառնալով ապրիլի 15-ի հանդիպմանը՝ Մամեդյարովը նշել է, որ քննարկում է եղել 2016թ.-ին Ռուսաստանի կողմից ներկայացված ծրագրի հիման վրա։ Ի՞նչ ծրագրի մասին է խոսքը։
– Նախ, նշեմ, որ հանդիպման արդյունքներով հրապարակվել է դրան մասնակցող կողմերի համատեղ հայտարարությունը, որտեղ արդեն իսկ նշված են քննարկված թեմաները։ Համատեղ հայտարարությունները հենց այն նպատակով են արվում, որ դրանցում ամփոփվեն հանդիպման բոլոր մասնակիցների միջև համաձայնեցված ձևակերպումները։ Համաձայնեցված ձևակերպումներից դուրս, դրանց հակասող հայտարարությունները չեն նպաստում փոխվստահության ամրապնդմանը, առավել ևս եթե դրանք մտացածին են և չեն համապատասխանում իրականությանը։
Ներկայումս որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում։ Ավելին, քննարկումների բովանդակային մասը շարունակում է ընթանալ միմյանց դիրքորոշումներին ծանոթանալու, պարզաբանելու ու հստակեցնելու տիրույթում:
– Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է առաջիկայում Վաշինգտոնում հանդիպում անցկացնելու ամերիկյան կողմի առաջարկի մասին: Արդյո՞ք հաստատում եք այդ տեղեկությունը:
– Ինչպես գիտեք ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ յուրաքանչյուր հանդիպման հաստատումից հետո դրա մասին հայտարարվում է համաձայնեցված կարգով: Իրապես, դիտարկվում է ապագա հանդիպումը համանախագահ երկրներից մեկում անցկացնելու հնարավորությունը՝ հաշվի առնելով նախկին նմանօրինակ հանդիպումների աշխարհագրությունը։
Քանի որ այս հարցը դեռևս քննարկման փուլում է, պետք է ձեռնպահ մնալ միակողմանի ազդարարումներից և հրապարակային բանակցությունների գործելաոճից։ Ավելին համանախագահ երկրներից մեկում կայանալիք հանդիպման մասին նախապես հայտարարելն անհարգալից վերաբերմունք է գործընթացի մասնակիցների, բայց առաջին հերթին՝ տվյալ համանախագահի նկատմամբ:
Դեռևս չկայացած պայմանավորվածությունների ազդարար դառնալու ձգտումը չի նպաստում փոխվստահության հիման վրա նորմալ աշխատանքային մթնոլորտի ձևավորմանը։