
Նոտր Դամից փրկված արվեստի ստեղծագործությունները գտնվում են Լուվրում

Փարիզի Աստվածամոր տաճարի արվեստի ստեղծագործությունները, որոնք փրկվել են կրակի ճիրաններից, այժմ փոխադրվել են Լուվրի թանգարան, որտեղ կանցկացվի դրանց վերականգնումը: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը:
«Պատմությունը կպահպանի այն, որ Փարիզի հրշեջները փրկեցին Նոտր Դամը եւ գեղարվեստական, պատմական ու հոգեւոր այն արժեքները, որոնք այնտեղ պահվում էին»,-ասել է Ֆիլիպը՝ ամփոփելով նախարարների խորհրդի՝ ապրիլի 17-ին կայացած նիստի արդյունքները:
Նախարարների կաբինետի ղեկավարը նշել է, որ խոսքը, մասնավորապես, վերաբերում է Քրիստոսի Փշե պսակին, Սուրբ Լյուդովիկոսի պատմուճանին:
«Այն բանից հետո, երբ դրանք տեղափոխվել էին Փարիզի քաղաքապետարան, այժմ անվտանգ պայմաններում գտնվում են Լուվրի պահեստարաններում: Դրանք կենթարկվեն խորը հետազոտության եւ վերականգնման»,-հայտնել է Ֆրանսիայի վարչապետը:
Փարիզի Աստվածամոր տաճարում՝ պատմության մեջ խոշորագույն հրդեհը տեղի է ունեցել ապրիլի 15-ի երեկոյան: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախծրյակին ազգին հղած իր ուղերձում հայտարարել է հինգ տարում տաճարի վերակառուցումն իրականացնելու մտադրության մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: