
«Ձեր թիմակիցներից վախենո՞ւմ եք». Էդմոն Մարուքյանը՝ իշխանություններին

Սուպերվարչապետական համակարգից հրաժարումը Հայաստանի ընդդիմության միասնական պահանջն ու քաղաքացիական հասարակության հակակոռուպցիոն կազմակերպությունների առաջարկությունն է եղել միշտ, և այն այսօր մերժվում է:
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Այն մարդիկ են դրա դեմ խոսում, որոնք տարիներով դրա կողմնակիցն են եղել նախկինում»,- ասաց Մարուքյանը:
Ըստ նրա՝ Լիլիթ Մակունցի առաջարկած տարբերակը՝ օրենք գրել, անիրագործելի է, կպահանջի երկար ժամանակ, բայց հարցն այսօր այստեղ պետք է լուծվեր. «Պետք է Սահմանադրություն փոխել, իսկ Սահմանադրությունը փոխելը, գիտեք, ինչ մեծ գործընթաց է»:
«Ի՞նչ է նշանակում՝ ԱԱԾ ղեկավարը նախարար դառնա՝ կդառնա վտանգավոր: Ձեր թիմակիցներից վախենո՞ւմ եք: Էդ ի՞նչ ասելու բան է»,- հարցադրում արեց Է. Մարուքյանը՝ մատնացույց անելով, որ ոչ ոք չասաց, թե ինչո՞ւ իրենց խոստումները չեն անում: