Բաժիններ՝

Գլխավոր դատախազն ընդունել է hակակոռուպցիոն միջազգային համաժողովի կազմակերպիչներին և միջազգային փորձագետներին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ապրիլի 17-18-ին Երևանում կայանալիք «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը միջազգային փորձի ներքո» խորագրով փորձագիտական միջազգային համաժողովի կազմակերպիչ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանին և Համաշխարհային բանկ/ՄԱԹՀՊԳ գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնության (StAR) համակարգողի տեղակալ Շերվին Մաջլեսսին, ՄԱԿ-ի զարգացման Գլոբալ ծրագրի հակակոռուպցիոն խորհրդական, ՄԱԶԾ Սինգապուրի գլոբալ կենտրոնը ներկայացնող Անգա Թիմիլսինային, նույն կենտրոնը ներկայացնող, ՄԱԶԾ Գլոբալ հակակոռուպցիոն նախաձեռնության ծրագրի ղեկավար Աիդա Արությունովային:

Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կարևոր է համարել Հայաստանում մեկնարկած հակակոռուպցիոն բարեփոխումների գործընթացի և այդ համատեքստում հակակոռուպցիոն ռազմավարության մշակման շուրջ ընթացող հանրային քննարկումների ներկայիս փուլին միջազգային փորձագիտական կենտրոնների ակտիվ աջակցությունը:

Արթուր Դավթյանը նշել է, որ ՀՀ իրավապահ մարմինները հասարակության լուրջ աջակցության պայմաններում շոշափելի արդյունքներ են արձանագրել հատկապես ակտիվացած հակակոռուպցիոն քրեաիրավական պայքարի ոլորտում: Սակայն, ըստ Գլխավոր դատախազի՝ քրեական վարույթների շրջանակներում հատկապես կոռուպցիոն հանցագործությունների հետևանքով պատճառված վնասի վերականգնման, երկրից ապօրինի դուրս բերված ակտիվների վերադարձման և այս գործընթացներում ներգրավված անձանց արարքներին իրավական լիարժեք գնահատականներ տալու առումով իրավապահ մարմինները բախվում են իրավական խութերի: Այդ համատեքստում, ըստ Արթուր Դավթյանի, խիստ արդիական է դառնում միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությամբ նշված խոչընդոտների վերացման իրավական այնպիսի ճկուն մեխանիզմների մշակումը, որոնք որևէ կերպ չեն հակասի Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին և լավագույնս կապահովեն մասնավոր և հանրային շահերի հավասարակշռված համադրումը:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն իր խոսքում նշել է, որ Հակակոռուպցիոն միջազգային համաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ կառավարության, ՄԱԶԾ և Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի համագործակցությամբ:

Համաժողովի օրակարգում քննարկվելու են հակակոռուպցիոն անկախ ինստիտոււցիոնալ համակարգին, կոռուպցիայի դեմ պայքարի իրավապահ, կանխարգելիչ, կրթական բաղադրիչներին, գողացված ակտիվների վերականգնման իրավական և ընթացակարգային խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կարեն Զադոյանը կարևոր է համարել համաժողովի՝ քաղաքացիական հասարակություն-կառավարություն ձևաչափը՝ որպես բազմաշահառու ներգրավմամբ կոռուպցիայի դեմ արդիական խնդիրների քննարկման համակողմանիության ապահովման միջոց: Որպես քաղաքացիական հասարակության և պետական մարմինների միջև գործակցության լավ օրինակ՝ պարոն Զադոյանը նշել է ՀՀ դատախազության և Հայաստանի ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի միջև ստորագրված հուշագրի հենքի վրա ծավալված համագործակցությունը:

ՄԱԿ–ի զարգացման Գլոբալ ծրագրի հակակոռուպցիոն խորհրդական Անգա Թիմիլսինան գոհունակություն է հայտնել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու հարցում նկատվող վճռականության առթիվ: Նա նշել է, որ կայանալիք համաժողովը լավ հնարավորություն է կատարելու Հայաստանի և միջազգային փորձի համադրում՝ ինչպես ինստիտուցիոնալ մոդելների ընտրության, այնպես էլ կանխարգելման, քրեաիրավական փոխլրացնող գործիքակազմերի կիրառման ուղղություններով:

Համաշխարհային բանկ/ՄԱԹՀՊԳ գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնության (StAR) համակարգողի տեղակալ Շերվին Մաջլեսսը, մասնավորապես, պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերելու հատկապես Հայաստանի համար արդիական դարձած՝ գողացված ակտիվների վերադարձման գործուն մեխանիզմների մշակման, այս ոլորտում միջազգային համագործակցության ապահովման ուղղություններով միջազգային փորձի փոխանցման, անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման հարցերում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս