Բաժիններ՝

Սևծովյան տնտեսական համագործակցության հանձնաժողովը քննարկել է անդամ երկրների կենսաթոշակային համակարգի խնդիրները

Երևանում ապրիլի 16-ին անցկացվեց Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մշակութային, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 52-րդ նիստը:

Քննարկման առանցքում էր ՍԾՏՀ կազմակերպության անդամ պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ռումինիայի, Թուրքիայի կենսաթոշակային համակարգերին վերաբերող հարցը:

«Շատ կարևոր է տարածաշրջանում համագործակցության խթանման կարևոր մարմիններից մեկի` ՍԾՏՀ ԽՎ շրջանակում փոխգործակցության ընդլայնումն ու ամրապնդումը: Ժամանակակից աշխարհում խորհրդարանական դիվանագիտությունն ու բազմակողմ համագործակցությունը մեծ նշանակություն և արդիականություն են ձեռք բերում»,- նշեց ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը:

Նրա պնդմամբ՝ Հայաստանը ձգտում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների հետ իրավահավասար և միմյանց շահերը հաշվի առնող համագործակցության զարգացմանը:

«Վեհաժողովի անդամ երկրներն ունեն շատ ընդհանուր նպատակներ, որոնց թվում են խաղաղության, կայունության, բարեկեցության ու բարիդրացիական հարաբերությունների հաստատումը»,- ասաց Լենա Նազարյանը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը նշեց, որ տարածաշրջանում լարվածության առկայությունը խոչընդոտում է ՍԾՏՀ կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի առանձին անդամների միջև տնտեսական համագործակցության ընդլայնմանը:

«Խնդիրը հնարավոր է լուծել բազմակողմանի երկխոսության միջոցով: Համագործակցության այս ձևաչափը կարող է ծառայել որպես տարածաշրջանային բնույթի խնդիրների քննարկման և լուծման համապատասխան մեխանիզմ»,- նշեց պատգամավորը:

Հայաստանի տնտեսական զարգացման առաջնայնությունների շարքում ԱԺ փոխնախագահն առանձնացրեց նորարարական և բարձր, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ու հեռահաղորդակցության ոլորտները, ենթակառուցվածքային շինարարությունը, ռազմական արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը և վերականգնվող էներգետիկան:

«Տարածաշրջանում առկա որոշակի լարվածությունը խոչընդոտում է առանձին երկրների միջև տնտեսական փոխգործակցության ընդլայնմանը: Տնտեսական ինտեգրման զարգացումը և տարածաշրջանի պետությունների տնտեսական ներուժի կոնսոլիդացիան կարող են լավ նախադրյալ լինել առկա մարտահրավերներին արձագանքելու և կայունության ամրապնդման համար»,- ընդգծեց Նազարյանը:

Անդրադառնալով Հայաստանի կենսաթոշակային համակարգին՝ Լենա Նազարյանն ընդգծեց, որ այն ներառում է պետական կենսաթոշակային ապահովություն, կուտակային եւ կամավոր կենսաթոշակային բաղադրիչներ:

Հայաստանի կենսաթոշակային համակարգի առանձնահատկությունները ՍԾՏՀ ԽՎ-ի ժամանակ ներկայացրեց հանձնաժողովի անդամ Անուշ Բեղլոյանը: Վերջինս շեշտեց, որ Հայաստանի կենսաթոշակային համակարգը ներառում է պետական կենսաթոշակային ապահովում, կուտակային և կամավոր կենսաթոշակների տրամադրման բաղադրիչ: Անուշ Բեղլոյանն ընդգծեց, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում նվազագույն կենսաթոշակը կազմում է 25500 դրամ:

Ռուսաստանի կենսաթոշակային համակարգը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Բոկովան:

Հանձնաժողովը նախագահում էր Թուրքիայի ներկայացուցիչ Մետին Գյունդոգդուն: Հաջորդ նիստը տեղի է ունենալու Սերբիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս