«Չարժե հրապարակայնորեն նսեմացնել որևէ աշխատողի». Լարիսա Ալավերդյանը՝ մաքսատանը տեղի ունեցած միջադեպի մասին
«Եվրոպական կոնվենցիայում կան մի քանի հոդվածներ, որոնցում նշված է, որ մարդը պետք է իրավական առումով պաշտպանված լինի, դրա համար չարժե հրապարակայնորեն նսեմացնել որևէ աշխատողի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Նորագավիթի մաքսատանը տեղի ունեցած միջադեպին՝ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանն էլ հակադարձեց՝ «Ինչո՞ւ, մոռացե՞լ ենք այն օրերը, որ Սերժ Սարգսյանը գնաց մի հատ այնպիսի «մառոզ» արեց, որ բոլորը սառեցին: Հիմա սա ենք մենք: Պետք են արհմիությունների նման հզոր կառույցներ, արդար դատարաններ»:
«Մովսես Խորենացին վաղուց ասել է, որ իշխանության ամենափոքր թերությունը հազարապատիկ արտահայտվում է ժողովրդի մեջ: Զարթոնքում գյուղապետից հետո դպրոցի տնօրեն աղջկան են ուզում հանել, և այդ մեթոդը խրախուսվում է: Այստեղ կարևոր է նաև բառապաշարը, որ օգտագործվում է: Եթե «Իմ քայլի» շատ պատգամավորներ նման արժանապատվությունը նսեմացնելու ձևով շարունակեն արդարացնել այդպիսի բառապաշարը, ապա մենք ունենալու ենք ավելի մեծ խնդիր: Հորդորում եմ զերծ մնալ այնպիսի բառապաշարից, որը մերժում ենք՝ սկսած մանկապարտեզից: Ես դեմ եմ բախումային սցենարներին, պետք է հստակ երևա, որ ոչ թե ասում ենք՝ վիրավորելու, նսեմացնելու, այլ՝ ուժեղացնելու համար»,- խոսքը շարունակեց Լարիսա Ալավերդյանը:
Ինչ վերաբերում է ապրիլի վերջին շաբաթ օրը նշվող քաղաքացու օրվան՝ «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ գործադիր տնօրենն ասաց. «Քաղաքացու օրն այսօր կոչված է զուտ նրա համար, որ նշեն իշխանափոխությունը: Մեր այս շտապողականությունը գալիս է միմիայն հաստատելու այս նոր եկած ուժի հաղթանակը: 1945թ. հաղթանակից 20 տարի անց են այն նշել ու ոչ աշխատանքային համարել»:
Թևան Պողոսյանն էլ նկատեց. «Միասնության, սիրո ու համերաշխության պակաս կա»:
Անի Կարապետյան