Հայաստան-Արգենտինա. երիտասարդ մասնագետները կկարողանան այցելությունների ժամանակ մինչև 3 ամիս տևողությամբ վճարովի հիմքերով աշխատել

Արձակուրդի և աշխատանքի վավերական մուտքի արտոնագիր ունեցող հայաստանցի երիտասարդ մասնագետներն Արգենտինայում և Արգենտինայի մասնագետները Հայաստանում 3 ամսով վճարովի հիմքերով օրինական կարող են աշխատել։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը միաձայն եզրակացություն տվեց ՀՀ կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին:

«Դեռ 2011-ին Հայաստանը և Արգենտինան ստորագրել են մուտքի արտոնագրերի ազատականացման պայմանագիր, ինչը թույլ է տալիս երկու երկրների քաղաքացիներին երկուստեք այցելություններ կատարել առանց նախապես մուտքի արտոնագիր ստանալու անհրաժեշտության, որոշակի ժամանակ անցկացնել այնտեղ, տարանցել երկրով: Սակայն պայմանագիրը չի ապահովում կարգավորումներ կարճատև կամ միջնաժամկետ շրջանում երկու երկրներում գտնվելու ընթացքում վարձու վճարովի աշխատանքի հնարավորության առումով: Դա կկարգավորվեր, եթե գործեր վիզայի՝ մուտքի արտոնագրի համակարգը: Սակայն ազատականացման պարագայում լրացուցիչ պայմանագրի անհրաժեշտություն կա: Ուստի 2014-ին ՀՀ-ն և Արգենտինան արտգործնախարարների մակարդակով ստորագրեցին համաձայնագիր, որը թույլ է տալիս, մասնավորապես, երիտասարդ մասնագետներին այցելությունների ժամանակ մինչև 3 ամիս տևողությամբ վճարովի հիմքերով աշխատել»,-ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ այդ կարգավորումը վերաբերում է 18-30 տարեկաններին: Համաձայնագիրը դեռ չի վավերացվել Հայաստանում: Փոխնախարարը նշեց, որ մեծապես կարևորում են պայմանագրի վավերացումը:

Համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը դրական եզրակացությամբ կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930