
Մահացել է բժշկագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Փոլ Գրինգարդը

Կյանքի 94-րդ տարում մահացել է ֆիզիոլոգիայի կամ բժշկագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Փոլ Գրինգարդը: Ապրիլի 14-ին այս մասին իր կայքում հայտնել է Ռոքֆելլերի համալսարանը, որտեղ Գրինգարդն աշխատել է 1983 թվականից։Ուսումնական հաստատության տվյալներով՝ Գրինգարդը մահացել է շաբաթ օրն՝ ապրիլի 13-ին:
«Փոլը լեգենդար գիտնական էր, որի 70-ամյա ակնառու կարիերան փոխեց նյարդագիտության մեր ըմբռնումը»,- հայտարարել է համալսարանի նախագահ Ռիչարդ Լիֆթոնը:
Գրինգարդն Էրիկ Քենդելի եւ Արվիդ Քառլսոնի հետ համատեղ 2000 թվականի Նոբելյան մրցանակին արժանացել է գլխուղեղի կեղեւի գործառության, ինչպես նաեւ նյարդաբանական եւ հոգեկան հիվանդությունների բնագավառում կատարած հայտնագործության համար:
Դրամական պարգեւով, որը կազմել է 400 հազար դոլար, գիտնականը հիմնել է Փեռլ Մեյսթեր Գրինգարդի՝ իր մոր անվան մրցանակը, որը շնորհվում է կանանց՝ կենսաբժշկագիտական հետազոտությունների ոլորտում նվաճումների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: