Ճիշտ չէ առանց համոզիչ պատճառների պետության առաջին դեմքի ձերբակալման նախադեպ ստեղծել
Վերաքննիչ դատարանը հերթական անգամ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշումը թողեց անփոփոխ: Պաշտոնական բացատրությունը կարծես նույնն է` քննության ընթացքին խոչընդոտելու վտանգը:
Ոչ ոք չի մանրամասնում, թե կոնկրետ ինչպես եւ ինչով է Քոչարյանը խոչընդոտելու քննության ընթացքին: Քննությանը խոչընդոտում են թաքնվելով, փախչելով, քննիչի կամ այլ մարդկանց վրա ազդելով:
Միայն չափից դուրս պարզամիտ մարդը կհավատա, որ օրվա ընթացքում քսանչորս ժամ խիստ հսկողության տակ գտնվողը, իսկ դա այդպես էլ կլինի խափանման միջոցը փոխվելու դեպքում, կարող է նշված ձեւերից մեկով ազդել քննության ընթացքի վրա:
Դժվար է հավատալ, որ խափանման միջոցը կալանքն ընտրելու որոշումը քննիչն ընդունում է ինքնուրույն, կամ որ այն ուժի մեջ թողնելը դատարանն ընդունում ինքնուրույն` առանց որեւէ մեկի զանգի կամ հորդորի: Դժվար է պատկերացնել մեկին, ով կուզենար ինքնուրույն ընդունել մասնագիտական տեսակետից խիստ կասկածելի հիմնավորումներով եւ ձեւակերպումներով որոշում: Նման որոշումների հետեւանքները մենք զգում ենք եւ շարունակելու ենք զգալ: Նման որոշումներով, կարծես թե, արդեն իսկ խնդիրներ ունենք մեր ռազմավարական թիվ մեկ դաշնակցի հետ հարաբերություններում:
Կարծում եմ, որ մեր երկրի նպատակը չպետք է լինի մեզ համար բարդ խնդիրներ ստեղծելն ու դրանք լուծելու փորձերը: Շատերն են հիմա հարցնում, թե ինչ նպատակ է հետապնդում իշխանությունը Քոչարյանին կալանավորելով եւ կալանքի ժամկետները երկարացնելով: Վարկածները բավական շատ են, այդ թվում ժողովրդին հիմնական խնդիրներից շեղելը, անձնական վրեժխնդրությունը, քաղաքական հիմնական մրցակիցներից մեկին չեզոքացնելը, եւ այլն, եւ այլն:
Հարց է առաջանում նաեւ, թե որքան կարող է ձգվել կալանքի երկարացման գործընթացը: Ակնհայտ է` ոչ անվերջ: Կարծում եմ, որ իրականությունն այն է, որ իշխանությունները դեռեւս չունեն վերջնական որոշում, թե ինչպես են շարունակելու այս խայտառակ գործը: Այդ պատճառով էլ կալանքի ժամկետները պարբերաբար երկարացնում են:
Խնդիրն այն է, որ վաղ թե ուշ այդ գործը քանդվելու է, որոշումները բեկանվելու են: Լինի դա մեր դատարաններում, թե Եվրոպայում: Իսկ դրա համար վճարելու է երկիրը:
Ստեփան Մարգարյան
ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ