Առաջարկվում է ներմուծվող ցեմենտի վրա որոշակի սահմանափակումներ կիրառել` ապահովելով տեղական արտադրողների համար հավասար մրցակցային դաշտ
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց Պետտուրքի մասին օրենքում փոփոխության նախագիծը, որը նպատակ ունի ցեմենտի ներքին արտադրությունը խթանելու և ներմուծման փոխարինման միջոցով ներքին շուկան տեղական արտադրանքով ապահովել:
Ըստ նրա՝ 2018-ին ցեմենտի տարեկան իրացման ծավալները կազմել են մոտ 680 հազար տոննա, որից 512 հազար տոննան արտադրվել է Հայաստանում, իսկ 168 հազար տոննան ներմուծվել է:
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել են թե արտադրության և թե ներմուծման ծավալները` համապատասխանաբար 53.1%-ով և 3.5 անգամ, քանի որ Իրանից ներմուծվող ցեմենտն ավելի էժան է և դեմպինգային գներով տեղական արտադրողների համար շուկայում մրցակցային լուրջ խնդիրներ է առաջ բերում:
Նախարարը նշեց, որ շուկայում մրցակցային հավասար պայմաններ ապահովելու նպատակով առաջարկվում է պետության կողմից ներմուծվող ցեմենտի վրա որոշակի սահմանափակումների կիրառում` ապահովելով տեղական արտադրողների համար հավասար մրցակցային դաշտ, սակայն այդ սահմանափակումը պետք է լինի այնպիսին, որը արտադրողներին «հանգստի ռեժիմի» հնարավորություն չի տա, այլ պայմաններ կստեղծի ինքնարժեքի իջեցման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու:
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի խոսքով՝ տեղական արտադրողներն այսօր փաստացի լուրջ խնդրի առաջ են կանգնել, սակայն վերջին մի քանի տարվա դինամիկան ցույց է տալիս, որ այն նոր չէ.
«Հայաստանից Վրաստան ցեմենտի արտահանման չնչին չափը և Իրանից ներկրումը վկայում է, որ մենք ունենք խնդիր, որի լուծման համար վիրահատական միջամտություն ենք ուզում անել, որի վերջնական արդյունքը լավ չի հաշվարկվել»:
Ըստ նրա՝ երկիրը ընկերություն չէ, և պետությունը չի կարող նույն կերպ մտածել, ինչ գործարարները:
Բ.Թունյանի կարծիքով՝ պետական տուրքը պետք է ժամանակավոր լինի, բայց ոչ թե նրա համար, որ կարճ ժամանակում ընկերությունները վերազինում անեն, այլ վերլուծությունների փուլ լինի, որ հասկանան ինչ է պետք անել:
Թունյանն առաջարկեց, որ նշված դրույթն ուժի մեջ մտնի մեկ տարով: Նա նկատեց, որ առանց այս աջակցության տեղական ընկերություններին «մահ» է սպասում.
«Ուզում ենք ժամանակավորապես էդ մահը հետաձգել: Բայց մենք այս առումով վատ նախադեպ ենք ստեղծում, որ հետևից կարող են գալ այլ ապրանքներ և նույն արտոնությունը պահանջել: Դրա համար առաջարկում եմ դրույթն ընդունել մեկ տարով»:
Տ.Խաչատրյանը համաձայնեց Թունյանի առաջարկին և հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին: