Բացահայտվել է թմրամիջոցի ապօրինի իրացման դեպք. երկու անձի մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է թմրամիջոցի ապօրինի իրացման դեպք: Երկու անձի մեղադրանք է առաջադրվել:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի իրացման հանգամանքները։
2019թ. մարտի 15-ին, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել Երևան քաղաքի՝ 1986թ. ծնված բնակիչ, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 հատ պոլիէթիլենային փաթեթ` 2,57 գրամ հաստատուն քաշով կանաչավուն, յուրահատուկ մանրացված զանգվածի պարունակությամբ: Փաթեթի պարունակությունը ենթարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Փորձագետի՝ 18.03.2019թ. ստացված եզրակացության համաձայն՝ հիշյալ փաթեթի պարունակությունը հանդիսանում է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում 2019թ. մարտի 18-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 268 հոդվածի 1-ին մասով, որը քննչական ենթակայության կարգով ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:
Քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված անձը թմրամիջոցը ձեռք է բերել Երևան քաղաքի՝ 1959թ. ծնված բնակչից:
Վերջինիս բնակարանում կատարված խուզարկությամբ տարբեր սենյակներից հայտնաբերվել են ընդհանուր մոտ 78,5 գրամ քաշով, տարբեր փաթեթների մեջ լցված կանաչավուն, յուրահատուկ հոտով չորացված զանգվածներ:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ առերես հարցաքննություններ, անձի ճանաչման քննչական գործողություն:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1959թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
1986թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: