Կհատկացվեն որոշակի քանակով պետական պատվերի վերապատրաստման ուղեգրեր

Բուժաշխատողների մասնագիտական որակավորման բարձրացումը, նրանց շարունակական մասնագիտական զարգացումը, ժամանակակից բժշկագիտության զարգացման տենդենցներին ու նորամուծություններին ծանոթացման ապահովումն իրականացվում է շարունակական մասնագիտացման կրեդիտային համակարգի և վերապատրաստումների միջոցով:

Դրա շրջանակներում կրթության և գիտության նախարարությունն ամեն տարի առողջապահության նախարարությանը հատկացնում է որոշակի քանակով պետական պատվերի վերապատրաստման ուղեգրեր: Առողջապահության նախարարի 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ 854-Ա հրամանի համաձայն` հատկացված ուղեգրերը տրամադրվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) հետևյալ խմբերում ընդգրկված բուժաշխատողներին, որոնք աշխատում են մարզային և նախարարության ենթակայության բժշկական հաստատություններում: Մասնավորապես, ուղեգրերը տրամադրվում են`

• ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված` նպաստառու բուժաշխատողներին,

• հաշմանդամության խումբ ունեցողներին,

• հաշմանդամության խումբ ունեցող անչափահաս երեխա/ներ ունեցողներին,

• բազմազավակ` մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցողներին,

• ընտանիքում ժամկետային պարտադիր զինծառայողներ (ամուսին/կին, զավակ) ունեցող բուժաշխատողներին,

• Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս ընտանիքում զոհված (մահացած) զինծառայողներ (ամուսին/կին, զավակ) ունեցողներին,

• Նշված խմբերում չընդգրկված այն բուժաշխատողներին, որոնց անվճարունակության վերաբերյալ բուժհաստատության տնօրենի կամ լիազոր մարմնի կողմից ներկայացվում է միջնորդագիր:

Վերապատրաստման ուղեգիր ստանալու համար բուժաշխատողները պետք է պահանջվող փաստաթղթերը և դիմում ներկայացնեն առողջապահության նախարարություն:

Տեսանյութեր

Լրահոս