«Այդ մարդը որդի է, եղբայր ու հայր». WikiLeaks-ը խնդրել է նվիրատվություններ անել Ասանժի օգնության հիմնադրամին
WikiLeaks կազմակերպությունը կոչ է արել նվիրատվություններ կատարել իր հիմնադիր Ջուլիան Ասանժի օգնության հիմնադրամին, որն ապրիլի 11-ին բրիտանական ոստիկանության կողմից ձերբակալվել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Այդ մասին ասված է Twitter-ում կազմակերպության պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ:
«Ջուլիան Ասանժը ձերբակալվել է բրիտանական ոստիկանության կողմից: Կատարեք նվիրատվություններ»,-նշվում է ուղերձում: Նույն հաղորդագրության մեջ հղում է զետեղված ցանցի այն էջին, որով կարելի է մուծումներ անել WikiLeaks Defence Fund-ում:
Հիմնադրամը պարզաբանում է, որ դրա միջոցներից վճարվում Է Ասանժին պաշտպանող փաստաբանների եւ այն մարդկանց աշխատանքը, որոնք այդ կազմակերպությանը գաղտնի տվյալներ են տրամադրում հրապարակման համար: WikiLeaks-ը նաեւ Twitter-ում հրապարակել է Ասանժի դիմանկարը եւ գրել.
«Այդ մարդը որդի է, եղբայր ու հայր: Նա մեկ տասնյակից ավելի մրցանակներ է ստացել ժուռնալիստիկայի բնագավառում: Սկսած 2010 թվականից նրան անվանակարգում էին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար: Հզոր ուժեր, ներառյալ Կենտրոնական հետախուզական վարչությունը, խորամանկ արշավ են վարում նրան արատավորելու, օրենքից դուրս դնելու եւ բանտ նստեցնելու նպատակով: Պաշտպանենք Ջուլիանին», հաղորդել է ՏԱՍՍ-ը: