Արտակարգ պատահար Արաբկիրում. տեղում աշխատում են վթարային բրիգադն ու… իրավաբանները. «Վեոլիա ջուր»
Այսօր գիշերը, ժամը մոտ 3-ին, Վեոլիա ջրում ահազանգ էր ստացվել, որ Արաբկիրի Բաբայան փողոցում վթարվել է 500 մմ տրամագծով տարանցիկ խողովակաշարը, որը սնուցում է Արաբկիր ու Կենտրոն վարչական շրջանների մի շարք թաղամասեր:
Ահազանգի հետքերով անմիջապես գնացել էր Վեոլիա Ջրի «Արաբկիր» տեղամասի պետը՝ անձամբ վթարը զննելու ու հրատապ միջոցներ ձեռնարկելու համար: Իսկ վաղ առավոտյան արդեն տեղում էր վթարայինի բրիգադը՝ տեխնիկայով հանդերձ:
Անգամ ոչ մասնագետի հայացքը կարող էր անմիջապես նկատել, որ վթարի պատճառը ջրատարից ընդամենը մեկ-երկու մետր այն կողմ ընթացող շինարարական աշխատանքներն են: Արդյո՞ք հողահատակցումն այստեղ օրինական հիմքերով է իրականացվել: Սա մի հարց է, որ դեռ պետք է պարզել: Իր հերթին, շինհրապարակում չեն պահպանվել ջրագծի անվտանգության տարրական կանոնները: Ի դեպ, Վեոլիա Ջուրը բազմիցս զգուշացրել է կապալառուին, որ տարվող աշխատանքները կարող են հանգեցնել ջրագծի վթարի: Ի վերջո, այդպես էլ եղավ:
Շինարարների անփութության արդյունքում ջրատարը զրկվել էր իրեն պահող հողային հիմքից և կախվել օդում: Ջրագծով հոսող ջրի ծանրությունն էլ պատճառ էր դարձել, որ այն ճկվի և վթարվի:
Ներկայումս վթարի վայրում ընթանում են ինտենսիվ աշխատանքներ: Անշուշտ խողովակաշարի շահագործումն այսօր կվերսկսվի, սակայն ջրամատակարարման գրաֆիկի լիարժեք վերականգնումը հեշտ գործ չի: Մի քանի տասնյակ հազար խորանարդ մետր ջուր է պետք մղել ներքաղաքային բաշխիչ ցանց, ամենուր ապահովել համապատասխան ճնշում, անհրաժեշտության դեպքում էլ գտնել ու վերացնել խողովակաշարում երբեմն կուտակվող օդը:
Նման խոշոր վթարները միշտ էլ լրացուցիչ տեխնիկական խնդիրներ են առաջացնում ջրամատակարարման համակարգում: Դրա համար էլ Վեոլիա ջուրը հորդորում է բոլոր տնտեսվարողներին աշխատանքներն իրականացնել օրենդրությանը համապատասխան: Այլապես … Վեոլիա Ջրի իրավաբանական վարչության աշխատակիցները արդեն զբաղվում են շինկազմակերպության աշխատանքների պատճառով առաջացած վթարի ծախսերը փոխհատուցելու խնդրով: