Սուդանում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել նախագահի շրջապատից, ներառյալ վարչապետը. Al Mashhad Al Sudani
Հարթումում ձերբակալվել է Սուդանի վարչապետ Մուհամեդ Թահեր Իիլյան, որը, դեռ երկու ամիս է չկա, որ զբաղեցնում է այդ պաշտոնը: Այդ մասին հայտնել է Սուդանի Al Mashhad Al Sudani տեղեկատվական պորտալը:
Ընդամենը, ստացվող տեղեկատվության համաձայն, ավելի քան հարյուր մարդ է ձերբակալված նախագահ Օմար ալ Բաշիրի շրջապատից, ներառյալ գործող եւ նախկին բարձրաստիճան անձինք: Նրանց թվում են՝ նախագահական գվարդիայի ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Աբդել Ռահիմ Մուհամեդ Հուսեյնը, երկրում իշխող «Ազգային կոնգրես» կուսակցության ղեկավար Ահմեդ Հարունը, Սուդանի նախկին փոխնախագահ Ալի Օսման Թահան:
Օմար ալ Բաշիրի գտնվելու վայրի վերաբերյալ ստույգ տեղեկություններ առայժմ չկան: Ըստ որոշ տվյալների, նա տնային կալանքի տակ է դրված զինվորականների կողմից, որոնք երկրում հեղաշրջում են կատարել: Տեղեկատվություն է հայտնվել նաեւ այն մասին, որ նա լքել է երկիրը: Դրա հետ մեկտեղ, Al-Hadath-ի աղբյուրների տվյալներով, նրա ինքնաթիռը ապրիլի 10-ի երեկոյան կալանվել է Հարթումի օդանավակայանում, երբ ալ Բաշիրը փորձում էր մեկնել հարեւան երկրներից մեկը:
Առավոտից սպասվում է բանակի «կարեւոր հայտարարությունը», սակայն այն առայժմ հետաձգվում է եւ, ըստ որոշ տեղեկությունների, դրա պատճառը այն անորոշությունն է այն բանի շուրջ, թե ով է գլխավորելու անցումային խորհուրդը երկրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: