
Մաքսատանը քաղաքացիները բողոքեցին Նիկոլ Փաշինյանին՝ պետհամարանիշների թիթեղները սպառվել են. նա միանգամից զանգահարեց Վալերի Օսիպյանին

Պետհամարանիշների համար նախատեսված թիթեղների վերջացած խմբաքանակն այսօր կհամալրվի նորով: Այս մասին ապրիլի 9-ին Արարատյան ավտոմաքսատուն-վարչություն կատարած այցի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանին մոտեցած քաղաքացիները բողոքեցին, թե պետհամարանիշների թիթեղները սպառվել են, և իրենց նոր պետհամարանիշ չեն տալիս: Նիկոլ Փաշինյանը անմիջապես զանգահարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և տեղեկացավ, որ խնդիրը պայմանավորված է վերջին տարիներին ներկրվող ավտոմեքենաների թվաքանակի ավելացմամբ:
«Մեքենաների ներկրման շատ մեծ ծավալ է գալիս հիմա: Կանխատեսել են, որ ավելի պետք է լինի, բայց հիմա նախատեսվածից էլ ավելի է եղել: Հիմա թիթեղը հասել է Փոթի, Փոթիից գալիս է Երևան»,- ասաց վարչապետը:
ՀՀ ոստիկանապետը Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում նշել էր, որ թիթեղները, հավանաբար, այսօր արդեն Հայաստանում կլինեն: