«Մթերելու այլ տարբերակներ կգտնենք». Հայկ Գևորգյանը՝ «Սպայկայի» մասին
«Եթե նա մեկ այլ հանցագործության մեջ կասկածվեր, մի՞թե դատարանը պետք է նրան բաց թողներ, որովհետև մի քանի հարյուր հոգի իրեն աջակցում են: Կարծում եմ՝ պետության հետ այս լեզվով խոսելը բացարձակապես անթույլատրելի է: Եվ երկրորդը՝ մենք շատ լավ գիտենք, թե «Սպայկան» ինչպե՞ս է հասել իր այսօրվա մոնոպոլ դիրքին, նախկինում բազմաթիվ բողոքներ են եղել, թե նախկինում ինչպես է աշխատում «Սպայկան», և այսօր այդ ընկերությունը շանտաժի լեզվով է խոսում պետության հետ: Եթե նա մոնոպոլիստ չլիներ, այսպիսի բան չէր անի, չէ՞: Նա ասում է՝ ես մթերումը դադարեցնում եմ: Դա լիովին անհասկանալի է: Եթե նա կասկածվեր այլ հանցագործության մեջ, մթերումները կրկին պետք է դադարեցվեի՞ն: Պատկերացրեք՝ ամեն մի մոնոպոլիստ վեր կենա ու ասի՝ եթե հարկերից խուսափեմ, ու ինձ վրա քրեական գործ հարուցեք, գործունեությունս կդադարեցնեմ: Դա կոչվում է սաբոտաժ պետության դեմ: Սա-բո-տաժ»,- 168.am-ին ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը՝ անդրադառնալով «Սպայկա» ղեկավարի կալանավորմանը և ընկերության աշխատակիցների բողոքի ակցիաներին:
Ըստ նրա՝ կարիք չկա անհանգստանալու, եթե «Սպայկան» իրականում մթերում չի իրականացնի և գյուղացու բերքը կմնա. «Մթերելու այլ տարբերակներ կգտնենք»:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: