Եթե «Սպայկա» ընկերությունը որոշի սաբոտաժի գնալ, իրոք խնդիրներ կարող են առաջանալ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, ապրիլի 8-ին որոշեց կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը): Առաջադրված մեղադրանքում Ղազարյանն իրեն մեղավոր չի ճանաչում:
Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանի կարծիքով՝ եթե ընկերությունը որոշի սաբոտաժի գնալ, իրոք խնդիրներ կարող են առաջանալ:
««Սպայկա» ընկերությունը արտահանման առումով հսկայական դեր է կատարում Հայաստանի համար: Հիմա, թե ի՞նչ հետևանք կարող է առաջացնել այս կալանավորումը՝ չգիտեմ: Հույս ունեմ, որ ընկերությունը կշարունակի անխափան աշխատել, հակառակ դեպքում խնդիրներ կարող ենք ունենալ, որովհետև, ցավոք, տարիների ընթացքում մեզ մոտ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ընդամենը մեկ ընկերություն է ապահովում արտահանումների զգալի մասը: Եվ, եթե ընկերությունը սկսի ձախողել մինչև մրգերի հիմնական սեզոնի սկիզբը, ու այլ խաղացողներ՝ ընկերություններ չստեղծվեն, ապա լուրջ խնդիրներ կարող ենք ունենալ: Իհարկե, ռիսկային է այն, որ արտահանման զգալի մասը կախված է մեկ ընկերությունից: Անհրաժեշտ է, որպեսզի արտահանման թե՛ ուղիները, թե՛ շուկաները դիվերսիֆիկացվեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Խաչատրյանը:
«Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանն էլ նկատեց.
««Սպայկան» բանջարեղեն, մրգեր, հատկապես՝ ծիրան արտահանող ամենախոշոր ընկերությունն է, հիմա չգիտեմ, թե ի՞նչ պետք է անեն, որ այդ կազմակերպությունը շարունակի աշխատել: Կարծում եմ՝ կալանավորումը հարցի լուծում չէ:
Կարող էին նստել, տեսնել՝ ինչքան է պարտք պետությանը, լուծում տային, անցնեին առաջ: Ճիշտ է, «Սպայկան» միակ արտահանող ընկերությունը չէ, բայց միայն նրանք ունեն շատ մեքենա, կարծեմ՝ մոտ 280: Մինչև արտահանումները սկսելը՝ հունիս ամիսը, դեռ ժամանակ կա, միգուցե բանիմաց փոխվարչապետները հարցը լուծեն»:
«Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանի կարծիքով՝ կապ չունի տնօրենին կալանավորելը, մյուսները պետք է շարունակեն աշխատել:
««Սպայկան» մոնոպոլիան վերցրել էր իր ձեռքը և էժան գներով էր մրգերը գյուղացուց գնում: Գներն ինքն էր թելադրում: Գյուղացին էլ համաձայնում էր, քանի որ մտածում էր՝ ապրանք է, եթե մնա, ու ուրիշ գնորդ չլինի՝ կփչանա»,- նշեց Սարգիս Սեդրակյանը:
Հավելենք, որ համաձայն ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության, «Սպայկա» ՍՊ ընկերության ղեկավարությունը ԵԱՏՄ անդամ պետություններ չհանդիսացող եվրոպական տարբեր պետություններից, այդ թվում՝ Լեհաստանից, Բելգիայից, 2014-2015թթ. ընթացքում «Սպայկա» ՍՊ ընկերության միջոցով ձեռք է բերել դեպի Հայաստանի Հանրապետություն փոխադրման և ներմուծման ենթակա պանիր, տանձ, խնձոր, չինական կաղամբ, լոլիկ և այլ ապրանքներ, որոնք 01.01.2015-11.01.2016թթ. ժամանակահատվածում Վրաստանի տարածքով իրականում ներմուծել է Հայաստանի Հանրապետություն:
ՊԵԿ-ից պարզաբանում են նաև, որ մեղադրանքի առաջադրման հիմքում միայն փորձագիտական եզրակացությունն է դրվել:
«7.036.666.312 դրամ հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարների հաշվարկման համար և մեղադրանքի համար հիմք են հանդիսացել քրեական գործով ձեռք բերված բազմաթիվ ելակետային տվյալներ՝ ապացույցներ, այդ թվում՝ օտարերկրյա պետություններ կատարված հարցումների արդյունքում ստացված համապատասխան փաստաթղթեր»:
Անի Կարապետյան