100 դոլար՝ 28 վայրկյանի համար. Ար Քելլին տվել է իր ամենակարճ համերգը
Երգիչ Ար Քելլին (իսկական անունը՝ Ռոբերտ Սիլվեսթր Քելլի) առաջին անգամ ամենակարճ ծրագրով ելույթ է ունեցել այն բանից հետո, երբ նրա նկատմամբ սեռական բռնության մեղադրանքներ են առաջադրվել: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը: Այն մասին, որ ինքը հանդես է գալու համերգով, Ար Քելլին նախնական կարգով հայտարարել էր իր Twitter-ում:
Ապրիլի 7-ին Իլինոյսի նահանգի Սփրինգֆիլդի ակումբ եկած այցելուները 50-ից մինչեւ 100 դոլար էին վճարել մուտքի տոմսի դիմաց, սակայն Ար Քելլին իր ելույթը սահմանափակեց՝ միայն մի քանի տող կատարելով իր երգերից մեկից: Ընդհանուր առմամբ համերգը տեւել է 28 վայրկյան: Եվս շուրջ կես ժամ արտիստը, որն ավելի վաղ ազատ էր արձակվել՝ գրավ դնելով 100 հազար դոլար, լուսանկարվել եւ շփվել է երկրպագուների հետ:
Ինչպես նշում է գործակալությունը, եկածներից շատերը, թեեւ «երգչի ստեղծագործությունն առանձնացնում են ավելի վաղ հնչած մեղադրանքներից», ասել են, որ նման ելույթը հաստատ չարժեր ծախսված փողերը: Փետրվարի վերջին Քուկի օկրուգի դատախազությունը Քելլիին ծանրացուցիչ հանգամանքներով սեռական բռնության մեղադրանքներ էր առաջադրել 10 կետով: Տարածված տեղեկատվության համաձայն, երաժիշտի գործողություններից տուժել է չորս աղջիկ:
Ըստ գերատեսչության տվյալների, Քելլին դիմել է ուժի եւ դրա կիրառման սպառնալիքների: Այն բանից հետո, երբ իրավապահ մարմիններն ստացել են նրա ձերբակալման օրդերը, նա կամավոր ներկայացել է Չիկագոյի (Իլինոյսի նահանգ) ոստիկանական տեղամաս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: