Գնաճի զսպման հնարքներ
Տնտեսական թեմաներով գրող լրագրողների համար մեռյալ սեզոն է: Ճիշտ այնպիսին, ինչպիսին լինում են հուլիս-օգոստոսը քաղաքական թեմաներով գրող լրագրողների համար: Բայց երկրորդ դեպքը բացատրելի է` քաղաքական ու քաղաքամերձ շրջանակներն ամռանն արձակուրդ գնալու սովորություն ունեն: Սովորություն, որի պատճառով քաղաքական նյութեր պատրաստողները «զրկվում են» իրենց հերոսներից ու ոլորտից: Այս նմանությամբ ասել, թե տնտեսությունը վերացել է՝ գռեհիկ չափազանցություն կլինի: Բայց ինչպես կասեր հանրահայտ մուլտֆիլմի ծերուկը՝ «այստեղ ոչինչ չի կատարվում»:
Իշխանությունները պարբերաբար խոստումներ են տալիս ներդրումների, աշխատավարձերի լոկալ ու հնարավոր աճերի մասին: Երբեմն էլ՝ հարկային համակարգում փոփոխություններ կատարելու մասին: Չես հասցնում հասկանալ՝ ինչ փոփոխությունների մասին է խոսքը, և ինչ տնտեսական հետևանքներ այն կունենա: Չես հասցնում, որովհետև իշխանությունները հայտարարում են, որ հետ են վերցնում իրենց առաջարկը: Ու դու նորից գրելու թեմա չունես (որպես օրինակ՝ հիշեք շաքար պարունակող գազավորված խմիչքների ակցիզային հարկման փորձը): Կարճ ասած՝ միակ մխիթարությունը մնում է հարազատ Վիճակագրական կոմիտեն (նախկին ԱՎԾ-ն հիմա այդ հպարտ անունով է հանդես գալիս):
Հարազատ ու առավելի սիրելի դարձած Վիճակագրական կոմիտեն ամենապարտաճանաչն է տնտեսական տվյալներ հրապարակող կառույցներից: Եռամսյակն ավարտվելուն պես արդեն հրապարակվել է «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2019թ. հունվար-մարտին»: Կարելի է առաջարկել միասին ընթերցել այն: Ի վերջո, սպառողական գները բոլորիս առօրյան են: Կամ՝ դրա մի մասը:
Սկսենք «բարի» լուրից. անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ սպառողական գներն աճել են ընդամենը 2.6 տոկոսով: Բայց սպառողական անվանվող գները շատ տարբեր են: Այն, որ տրանսպորտում գնաճ չի եղել` բոլորս գիտենք: Չեն աճել նաև սակագները` ջուր, էլեկտրաէներգիա, վառելիք, աղբահանություն, բնակարանային ծառայություններ: Դա էլ գիտենք: Բայց ահա «սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքների» մասով նման պնդում չես անի: Դրանք ընդհանուրից առաջանցիկ են թանկացել` 6.3 տոկոսով:
Չեք պատկերացնի, թե որքան գնային ինդեքսներ ու ենթաինդեքսներ է պետք հաշվարկել ու համադրել, որպեսզի, ի վերջո, հնարավոր լինի «Սպառման ապրանքներ» անվանակարգի դիմաց 6.3 տոկոսն իջեցնել-դարձնել 3.7: Ապա կրկին նույն ճանապարհով՝ այն, ի վերջո, հասցնել 2.6 տոկոսի: Սա ամենևին հեշտ գործ չէ: Տեսեք՝ սննդամթերք ասածը թանկացել է 6.3 տոկոսով: Այս պատկերը ստացվել է այն պատճառով, որ բանջարեղենի գնաճը 8.2 տոկոս է: Մրգինը` 3.3, իսկ մսամթերքինը` 3.6: Այս թվերը համադրելիս ավելի փոքր թիվ ստանալը հեշտ աշխատանք չէ:
Հատկապես որ, աճել են հիմնական սննդամթերքների գները: Օրինակ, բանջարեղենից ամենաանզուսպն աճել է կարտոֆիլը (11.7), ամենալկտին` գլուխ սոխը (37.7 տոկոս):
Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (այստեղ քաղաքական ենթատեքստ չկա: Վիճակագրությունը սովորաբար տվյալները, առավել ևս՝ գները, միշտ համեմատում է նույն ժամանակահատվածի հետ): Կարծում եք՝ հե՞շտ է գլխի ընկնելը, որ հունվար, փետրվար, մարտ ամիսների համար հարկավոր է որպես սննդամթերք առանձնացնել վարունգն ու սմբուկը (դրան նաև բադրիջան են ասում):
Առանձնացնել, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատել ու ասել, որ այդ ու մի քանի այլ բանջարեղենների գծով գնանկում է եղել: Հետո հարկավոր է նույն բանն անել «մսամթերք» ապրանքատեսակի համար: Թռչնամսի 11.6 տոկոս աճի պարագային հարկավոր է ինչ-որ այլ մսամթերք գտնել, որպեսզի ընդհանուր գնաճը նվազեցնելով՝ քաղաքակիրթ տեսքի բերվի (Այս պարագային քաղաքակիրթ տեսքը 3.6 տոկոսն է):
Հացաբուլկեղենի 3.8 տոկոսանոց աճի պարագայում ձավարեղենի ինչ-որ տեսակներ է պետք գտնել` նույն նպատակով:
Վերջին շրջանում բոլորս գիտենք երկու շատ կարևոր, կամ մեկը մեկից կարևոր սննդամթերք, որոնց էժանանալու հաշվին կարելի է միջին վիճակագրական «տանելի» ցուցանիշներ ստանալ:
Խոսքն առաջին հերթին՝ շաքարավազի մասին է: Անցած մեկ տարվա ընթացքում (և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) արձանագրվել է 11.8 տոկոս գնանկում:
Երկրորդը, իհարկե, բանանն է: Բայց այս մրգի գնանկման մասին այնքան է գրվել, որ ոչինչ ավելացնել պետք չէ: Եթե նույնիսկ հնարավոր լիներ:
Ուշադիր ընթերցողն, իհարկե, կարող է նկատել, որ գների ինդեքսին անդրադառնալիս՝ համառորեն խուսափում եմ անդրադառնալ «Ոչ պարենային ապրանքներ» և «Ծառայություններ» ենթախմբերին: Հատկապես, որ այս խմբերը տրամագծորեն հակառակ վարք են ցուցաբերել, հին ու քյարթու բառապաշարով ասած` «հաշվետու ժամանակաշրջանում»:
Ինչպես միշտ, սկզբում դրականը. անցած տարվա համեմատ ոչ պարենային ապրանքները գնանկում են արձանագրել 0.4 տոկոսով: Իսկ ծառայությունների ոլորտում գնաճ կա` ընդամենը 0.1 տոկոսով: Այնպես որ, այս ոլորտներն ընդհանուր գնաճի վրա համարյա ազդեցություն չեն թողել: Եթե, իհարկե, գնաճ եղել է: