Բաժիններ՝

«Գյուղոլորտում չտեսանք հեղափոխությունը». Սարգիս Սեդրակյան

ՀՀ կառավարությունն ապրիլի 4-ի նիստում որոշում կայացրեց Արարատի և Արմավիրի մարզերում լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարի միջոցառումների իրականացման պիլոտային ծրագիրը հաստատելու մասին: Նախագծում նշվում է, որ ծրագրի նպատակն է՝ լոլիկի մեծածավալ արտադրությամբ զբաղվող Արարատի մարզի Ոսկետափ և Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքներում 10 հեկտար տարածքի վրա իրականացնել ցեցի դեմ պայքարի համալիր (ագրոտեխնիկական, մեխանիկական, կենսաբանական և քիմիական) միջոցառումների կիրառման նոր առաջարկների փորձարկման և դրանց արդյունավետության գնահատում:

«Կարտոֆիլի, լոլիկի ցեց ոչ միայն Ոսկետափում ու Ակնալիճ համայնքներում է, այլև մյուս շրջաններում՝ Մասիս, Արտաշատ և այլն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը:

Ինչ վերաբերում է ցեցի դեմ պայքարի արդյունավետությանը՝ նշեց.

«Ագրոտեխնիկականն այն է, երբ որ վար է անում, հողը շուռ է տալիս, և թրթուրները, որ բուն են դրած լինում հողի մեջ՝ բները ոչնչանում են, քիմիականի դեպքում սրսկում են և աէրոզոլային պայքար է տարվում: Ամենաարդյունավետը, կարծում եմ, որ քիմիական պայքարն է: Ճի՛շտ է, այն բույսին էլ վնաս կտա, բայց ավելի լավ է՝ առաջին տարին վնաս տա, քան բոլոր տարիներին այդպես լինի:

Արարատի մարզում ժամանակին շատ էին լոլիկ մշակում, տոմատը արտահանում էին տարբեր երկրներ, հիմա նայում ես՝ դաշտերում շատ լոլիկ չկա: Միայն ջերմոցային պայմաններում են լոլիկ աճեցնում»:

«Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահը համաձայն չէ նաև այն լուրերի հետ, թե այս տարի բերք ու բարիքի տարի է լինելու:

«Շատ գեղեցիկ է հնչում, հեղափոխական բառեր են: Օրինակ՝ անցած ծրագրում գրված էր, թե գյուղտնտեսությունում պետք է հեղափոխություն արվի: Ամպագոռգոռ բառեր են, ախր չի կարելի, մի քիչ համեստ բառեր պետք է օգտագործեն: Գյուղոլորտում չտեսանք այդ հեղափոխությունը: Մի երկու վարկ «ջրեցին»՝ գնաց, բայց գրում են, թե չգիտես ինչ արեցին գյուղացու համար: Պետք է գյուղատնտեսությունից հասկացող մարդիկ լինեն, նստեն ու լուրջ միջոցառումներ ձեռնարկեն, օգնեն գյուղացուն: Շատ կարևոր է գյուղտեխնիկայի առկայությունը: Գյուղատնտեսական ինչ գործընթաց էլ որ ծավալեն՝ դաշտավարություն, հողագործություն, այգեգործություն, այս դարում առանց մեքենայի հնարավոր չէ: Պետք է լինեն մեքենատրակտորային պարկեր»,- նշեց Սարգիս Սեդրակյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս