Բայդենն անվայել պահվածքի մեղադրանքներից հետո խոստացել է հարգել մարդկանց անձնական տարածությունը
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենն այն պնդումներից հետո, թե իրեն անվայել է պահել կանանց նկատմամբ, խոստացել է ավելի հարգալից վերաբերվել մյուս մարդկանց անձնական տարածությանը: Քաղաքական գործչի տեսաուղերձը, որն ինչպես սպասվում է, լուրջ հավակնորդ կդառնա 2020 թվականին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրարշավում, ապրիլի 3-ին հրապարակվել է նրա Twitter-ում:
Անցյալ շաբաթվա ընթացքում մի քանի կանայք Բայդենին մեղադրել են տարօրինակ եւ անպատեհ պահվածքի մեջ: Նրանցից մեկը պնդել է, թե Բայդենն անսպասելիորեն համբուրել է իր ծոծրակը, մյուսները հայտարարել են, թե նա չափազանց ամուր է իրենց գրկել կամ այն կերպ է իրենց հպվել, որ ստիպել է անհարմարություն զգալ:
«Սոցիալական նորմաները փոխվում են: Ես հասկանում եմ դա եւ հաշվի եմ առնում այն, ինչի մասին ասում են այդ կանայք»,- գրել է Բայդենը: Նա նաեւ խոստացել է «ապագայում ավելի հարգալից վերաբերվել անձնական տարածությանը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:



