Մեր նպատակն է ստեղծել կանանց համաշխարհային ցանց հանուն ԼՂ-ում խաղաղության հաստատման. Աննա Հակոբյանի ելույթն ԱՄՆ Կոնգրեսում
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 2-ին՝ ԱՄՆ այցի շրջանակում այցելել է ԱՄՆ Կոնգրես:
Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի տիկնոջ գրասենյակից, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանի, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի փոխտնօրեն Մաքս Սուինի և ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի Հայաստանի և Վրաստանի նախկին գլխավոր մասնագետ Լևոն Ավդոյանի ուղեկցությամբ տիկին Հակոբյանը նախ այցելել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարան, ծանոթացել գրադարանի ստեղծման պատմությանը, ցուցանմուշներին:
Վարչապետի տիկինը ծանոթացել է նաև գրադարանի պահոցներում ցուցադրված հայկական մանրանկարներին ու գրքերին: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Աննա Հակոբյանը Կոնգրեսի գրադարանին է նվիրել Մատենադարանի մասին պատմող գիրք:
Այնուհետև ԱՄՆ Կոնգրեսի շենքում՝ Կապիտոլիումում, ի պատիվ տիկին Հակոբյանի կայացել է ընդունելություն, որը կազմակերպել էին ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի անդամ Աննա Էշուն և հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիրը: Միջոցառմանը ներկա էին կոնգրեսականներ Ֆրենկ Փըլոնը, Ադամ Շիֆ, Մայքլ Թոմսոնը, Ջոն Քոքսը, Ջուդի Չուն, Ռաջա Քրիշնամուրթին, Քեթրին Քլարքը, Ջեֆրի Ֆորթենբերին, Թոմ Սուազին, Դորիս Մացուին, Զոե Լոֆգրենը:
Ընդունելությանը Աննա Էշոուին, Ջեքի Սփիրը և Ադամ Շիֆը հանդես են եկել ելույթներով, խոսել Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցած խաղաղ, ոչ բռնի Թավշյա հեղափոխության, ինչպես նաև Աննա Հակոբյանի ղեկավարած երկու հիմնադրամների գործունեության մասին: Ընդունելության ավարտին ծավալուն ելույթով հանդես է եկել Աննա Հակոբյանը, ներկայացրել իր գլխավորած «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների գործունեությունն ու ծրագրերը: Աննա Հակոբյանը պատմել է նաև «Կանայք հանուն խաղաղության» արշավի ստեղծման մասին՝ կարևորելով կանանց դերը խաղաղության հաստատման գործում:
Ելույթը ներկայացնում ենք ստորև.
«ԱՄՆ Կոնգրեսի պատվավոր ներկայացուցիչներ և աշխատակիցներ,
Տիկնա´յք և պարոնա´յք,
Ինձ համար մեծ պատիվ է հենց Ամերիկայի ժողովրդի սրտից հանդես գալ ելույթով ԱՄՆ Կոնգրեսի հարգարժան ներկայացուցիչների առջև: Ժողովրդավարության և մարդու իրավունքների այս մեծաշուք օրրանը շարունակաբար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են ժողովրդավարական կառավարման, օրենքի գերակայության, հավասարության և ապագա սերունդների համար ավելի լավ ապագայի:
Կցանկանայի շնորհակալություն հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչներ Էնն Էշոյին և Ջեքի Սփայերին այս ջերմ ընդունելությունը ԱՄՆ Կապիտոլիումում կազմակերպելու համար: Միշտ եմ հիացել կանանց իրավունքների և հավասարության համար ձեր մղած անվախ պայքարով: Դուք խորհրդանշում եք ուժեղ ու վճռական կնոջ կերպարը, որոնց կարիքը ժամանակակից աշխարհը շատ ունի:
Դուք երկուսով Հայաստանի և հայ ժողովրդի վաղեմի բարեկամներն եք։ Կցանկանայի այս առիթն օգտագործել և անկեղծ երախտագիտություն հայտնել ձեզ Հայաստանում ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության, Հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախի ինքնորշման և հայ-ամերիկյան ամուր կապերի ամրապնդման հարցում ԱՄՆ-ի աջակցությունը խրախուսելու համար։
Անշուշտ, մենք նաև շատ բարձր ենք գնահատում ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի կատարած աշխատանքն ու այն անփոխարինելի ներդրումը, որ ունեցել է հանձնախումբը երկու ժողովուրդների միջև բարեկամության հաստատման գործում: Ձեր աշխատանքն առաջնահերթ նշանակություն ունի մեզ համար հատկապես այսօր, երբ մեր երկրում Թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարական հիմնարար փոփոխություններ են տեղի ունենում: Այդ փոփոխությունները լավագույնս ապացուցեցին մեր հասարակության հասունությունը, ունակությունը դիմագրավելու մեր ապագան, ժողովրդավարական ապագան խաթարող չարամիտ գործընթացներին:
Այսօր մեր երկիրն ունի ժողովրդավարական ճանապարհով ընտրված Խորհրդարան և Կառավարություն, որը ձգտում է իրականացնել համապարփակ բարեփոխումներ: Այդ նպատակներին հասնելու համար Հայաստանը ապավինում է մեր բարեկամների աջակցությանն ու օգնությանը: Հետևաբար, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի, ինչպես նաև Հայաստանի բոլոր մյուս բարեկամների մշտական համագործակցությունն ու աջակցությունը վճռորոշ նշանակություն ունեն:
Տիկնա´յք և պարոնա´յք,
Այս հարցերը մեր կառավարության և քաղաքական գործիչների աշխատանքն է: Եվ ես նրանց ցանկանում եմ ամենայն հաջողություն այս պատասխանատու ճանապարհին: Այնուամենայնիվ, որպես ՀՀ վարչապետի տիկին, ես չեմ ցանկանում մի կողմ կանգնել և հետևել, ես ցանկանում եմ կիսել կառավարության բեռը: Սա է պատճառը, որ ես նախաձեռնել եմ մի շարք ծրագրեր:
Դրանցից մեկը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն է: Դոնորների և գործընկերների ուժերի միավորմամբ Հիմնադրամը ձգտելու է կառուցել բոլոր առումներով առողջ, դիմակայուն և ներառական հասարակություն, որտեղ ոչ ոք անտեսված չէ: Այս առաքելությունը կյանքի կոչելու նպատակով «Իմ Քայլը» հիմնադրամը ծառայում է որպես կամուրջ հրաշալի գաղափար ունեցողների և այդ գաղափարները իրականացնելու հնարավորություն ունեցողների միջև, որպեսզի կյանքի կոչենք կրթական, բնապահպանական, աղքատության նվազման և այլ ընթացքի մեջ գտնվող ծրագրեր: Մեր բոլոր գործողությունների հիմքում երկարաժամկետ սոցիալական ազդեցության ապահովման սկզբունքն է:
Ես նաև «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն եմ: Հիմնադրամը ստեղծվել է, որպեսզի աջակցի քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և երիտասարդների բուժմանը: Իր գործունեության այս մի քանի ամիսների ընթացքում հիմնադրամն օժանդակել է 120 երեխայի և երիտասարդի: Ավելի շատ երեխաներ կունենան երջանիկ մանկություն, եթե նրանց աջակցում և օժանդակում են հոգատար մարդիկ: Ամեն անգամ, երբ ես տեղեկանում եմ ևս մեկ երեխայի բարեհաջող բուժման մասին, ես հասկանում եմ, որ մեր ջանքերը փրկում են կյանքեր և ընտանիքներին դարձնում երջանիկ: Դա ինձ ուժ է տալիս էլ ավելի շատ ջանքեր ներդնել ավելի մեծ օգնություն հավաքագրելու համար:
Սիրելի´ ընկերներ,
Հայտնի է, որ բոլոր երազանքների ու ցանկությունների իրականացման անհրաժեշտ նախադրյալը մշտական խաղաղության հաստատումն է ինչպես մարդկանց և պետությունների միջև, այնպես էլ մտքի խաղաղության հաստատումը: Մեզ բոլորիս քաջ հայտնի են պատերազմի սարսափները, քանի որ մարդկությունն ավելի քան բավարար չափով տեսել է դրանք: Դժբախտաբար խաղաղությունը պակաս ուշադրության է արժանանում, քանի որ «ոչ պատերազմ» ժամանակահատվածում մենք խաղաղությունը համարում ենք իրերի նորմալ դասավորվածություն: Ինչպես Մարտին Լյութեր Քինգն է մի առիթով ասել. «Մենք ոչ միայն պետք է պարզապես մերժենք պատերազմի բացասական հետևանքները, այլև սևեռվենք խաղաղության դրական կողմերը հաստատելու վրա»:
Այս ամենն ի նկատի ունենալով՝ նախաձեռնել եմ «Կանայք հանուն խաղաղության» արշավը, որի նպատակն է միավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերի կանանց, որպեսզի մերժեն պատերազմն ու միավորեն իրենց ջանքերը խնայելու մարդկային կյանքեր հակամարտության բոլորի կողմերի համար: Մեր վերջնական նպատակն է ստեղծել կանանց համաշխարհային ցանց հանուն Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև աշխարհի այլ թեժ կետերում խաղաղության հաստատման համար:
Ո՞վքեր, եթե ոչ կանայք ու մայրերն են, որ ապրում են իրենց երեխաների կորստի հավիտենական վիշտը: Ո՞վքեր, եթե ոչ կանայք ու մայրերը պետք է իրենց ձայնը բարձրացնեն հանուն խաղաղության: Ո՞վքեր, եթե ոչ կանայք ու մայրերը կարող են ազդել որոշում կայացնողների վրա:
Ես իսկապես հույս ունեմ, որ այս նախաձեռնությունը կվերածվի հանուն խաղաղության հզոր շարժման հակամարտության բոլոր կողմերի հասարակություններում: Ուստի ես դիմում եմ այս պատվավոր լսարանի բոլոր նշանավոր կանանց` միանալ մեր` հանուն խաղաղության նախաձեռնությանը և օգնել բացել ամուր փակված հույսի դռները: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կանանց և մայրերին նույնպես միանալ այս արշավին և նույն կոչը հղել իրենց երկրում որոշում կայացնողներին: Հուսով եմ, որ բոլոր այն ծրագրերը, որոնք ես մտադիր եմ ներկայացնել ԱՄՆ ուղևորության արդյունքում, կարժանանան մեծ ուշադրության և կունենան մեծ ներգրավվածություն, ինչը կնպաստի մեր առաքելության հաջող իրականացմանը:
Տիկնա´յք և պարոնա´յք,
Որպես վերջաբան, թույլ տվեք ևս մեկ անգամ իմ շնորհակալությունը հայտնել այս ջերմ ընդունելության համար: Ես հրավիրում եմ ձեզ Հայաստան, տեսնելու այն զգալի փոփոխությունները, որոնք մենք այսօր ապրում ենք և բացահայտել ներառական, դիմակայուն եւ ժողովրդավարական հասարակություն կառուցելու մեր առաքելությանը ձեր արժեքավոր նպաստը բերելու հնարավորությունները: