Արտակ Զեյնալյանի համոզմամբ, կալանքը պետք է լինի բացառություն և ոչ թե կանոն
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ապրիլի 3-ին Քննչական կոմիտեում մասնակցել է ՄԻԵԴ-ի և Հայաստանի վճռաբեկ դատարանի 2007-2017 թվականների արտահայտած իրավական դիրքորոշումներով մեկնաբանվող իրավադրույթների վերաբերյալ ուղեցույցի շնորհանդեսին:
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղեցույցը կազմել են Քննչական կոմիտեի նախագահ, ի.գ.թ. Հայկ Գրիգորյանը, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Կոստանյանը և ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչության գլխավոր մասնագետ Անուշ Գասպարյանը:
Նախարարը շնորհավորել է հեղինակներին ձեռնարկի շնորհանդեսի կապակցությամբ, այնուհետ նշել, որ «անձի ազատության կանխավարկածն ապացուցման անհրաժեշտություն չունի» բանաձևն անձի կալանավորման հարցի քննարկման առանցքն է: Արտակ Զեյնալյանի խոսքով՝ այն տարիներ շարունակ կայուն նախադեպային իրավունքի միջոցով ամրագրվել է ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, այնպես էլ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում:
«Բարձր դատարանների իրավաբանությունը անհրաժեշտ և բավարար նախադրյալներ է ստեղծել կալանավորման ինստիտուտի ողջամիտ ու հավասարակշռված կիրառության համար: Պրակտիկան, ցավոք, դեռևս հակառակ պատկերն ունի»,- նշել է նախարար Զեյնալյանը՝ ավելացնելով, որ թեև Գլխավոր դատախազության կողմից հրապարակված վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2017թ-ի համեմատ արձանագրվել է խափանման միջոց կալանավորման կիրառման միջնորդությունների նվազում` մոտ 4.9 տոկոս` այն դեպքում, երբ մեղադրյալների թիվը մոտ 9.7 տոկոսով աճել է, որը փաստում է նաև Եվրոպայի խորհրդի քրեական վիճակագրության մասին ամենամյա զեկույցը, սակայն անելիքներ դեռ կան:
Արտակ Զեյնալյանը կարևորել է նման ուղեցույցերի մշակումը, բարձր գնահատել կատարված հսկայածավալ աշխատանքը և հույս հայտնել, որ այն կհամալրի քննիչների, դատախազների և դատավորների, ինչպես նաև՝ փաստաբանների, իրավապաշտպանների, լրագրողների մասնագիտական գրադարանը, ավելին՝ կծառայի իր նպատակին և ուղեցույց կդառնա կալանավորման հարցի քննարկման և դրա վերաբերյալ որոշում կայացնելու ժամանակ:
«Կալանավորումը պատժի տարրեր չի պարունակում. այն պատշաճ վարքագծի ապահովման միջոց է: Այնուամենայնիվ, իր կատարման խստությամբ կալանավորումը չի զիջում ազատությունից զրկելու ձևով կիրառվող պատժատեսակներին, ուստի, Արդարադատության նախարարությունը, կարևորելով կալանավորված անձանց երաշխավորված իրավունքների ապահովումը, հաջորդաբար իրականացրել և շարունակում է իրականացնել բարեփոխումներ»,- ընդգծել է նախարարը և ներկայացրել դրանցից մի քանիսը:
Երևանի 4 և մարզերի 3 բժշկական կենտրոններ ունենալու են կալանավորների համար նախատեսված հատուկ բաժանմունքներ:
- Մերձավոր ազգականների հետ կարճատև տեսակցության հնարավորություն չունեցող, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացի հանդիսացող կալանավորված անձանց տեսակցության իրավունքի իրացումն ապահովելու նպատակով, կարճատև տեսակցության փոխարեն, ամսվա ընթացքում երկու անգամ մինչև 20 րոպե տևողությամբ տեսազանգից օգտվելու հնարավորություն է ընձեռվել:
- Ազգային ժողովի Պետաիրավական հանձնաժողովի քննարկման է ներկայացվել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, որի համաձայն՝ միայն մերձավոր ազգականների հետ համատեղ բնակվելու իրավունքով երկարատև տեսակցություն կտրամադրվի երկու ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ` մինչև երեք օր տևողությամբ: Նույն նախագծով սահմանվում է, որ երկարատև տեսակցություն կտրամադրվի նաև կալանավորված անձի հետ ամուսնության մեջ չգտնվող այն անձի հետ, որի հետ կալանավորված անձն ունի համատեղ երեխա: Կալանավորված անձի խնդրանքով երկարատև տեսակցությունը կարող է փոխարինվել կարճատև տեսակցությամբ:
- ՄԻՊ-ի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում բացառվելու է քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կալանավորված անձին մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ առանց հիմնավոր պատճառաբանության (կամ կամայական կերպով) տեսակցությունն արգելելու պրակտիկան:
- Կալանավորված ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան ազատազրկման վայրում գտնվելիս ստանալ ժամանակավոր վկայական, որը թույլ կտա նրանց իրականացնել քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու իրենց իրավունքը:
Նախարարի խոսքով՝ նշված բարեփոխումներից բացի՝ Արդարադատության նախարարությունը կարևորում է Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումը, որում ամրագրված են կալանավորմանն այլընտրանք հանդիսացող խափանման այլ միջոցներ՝ այդ թվում նաև էլեկտրոնային հսկողության սարքավորումների կիրառում: «Մեր բոլորի ջանքերը միտված են մի վերջնարդյունքի, որ կալանավորումը կիրառվի իսկապես բացառիկ դեպքերում, երբ հնարավոր չէ այլ միջոցներով ապահովել անձի պատշաճ վարքագիծը քրեական վարույթի ընթացքում»,- ասել է Արտակ Զեյնալյանը և հավելել, որ պետք է սկսենք կյանքի կոչել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում ամրագրված պահանջն այն մասին, որ կալանքը պետք է լինի բացառություն և ոչ թե կանոն: