«Ապրիլյան պատերազմը միայն առաջին ծիծեռնակն էր. Ադրբեջանն իր ժողովրդին վաղուց պատերազմի է նախապատրաստում». ադրբեջանագետ

«Երբ խոսվում է բոլոր տուժած կողմերի վերաբերյալ՝ այստեղ նկատի չունեն այն, որ, եթե Արցախը վերադառնա բանակցային սեղան, ապա ադրբեջանական համայնքը պետք է վերադառնա, այստեղ խոսք է գնում նաև Ադրբեջանի հայկական վտարանդի համայնքի վերաբերյալ, որն  իր թվաքանակով մի քանի անգամ գերազանցում է Արցախի ներկայիս բնակչությանը, Արցախը լքած ադրբեջանցիներին՝ միասին վերցրած: Ադրբեջանի ղեկավարությունը սեփական մայրաքաղաք Բաքվում հայ խաղաղ քաղաքացիների նկատմամբ ցեղասպանություն է գործել ու փորձել է այդ գործողությունները տեղափոխել Արցախ, իսկ Արցախի բնակչությանը ոչ մի այլ բան չի մնացել՝ քան ինքնակազմակերպվել, ինքնապաշտպանվել և հայտարարել անկախ պետականություն: Կարևոր է, որ մեր քաղաքական էլիտան հասկանա՝ ադրբեջանահայության խնդրի վերադարձը բանակցային գործընթացի սեղան կարող է դառնալ Արցախի հակամարտության հայանպաստ լուծման բանալին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը՝ ընդգծելով, որ ադրբեջանահայության խնդիրը սեղան վերադարձնելը կլինի մեր հայրենիքի վահանը՝ ընդդեմ ադրբեջանական քարոզչամեքենայի:

«Այս հնարավորությունը չօգտագործելը կլինի մեծագույն սխալներից մեկը: Եթե ճիշտ օգտագործվի այս խաղաքարտը՝ բոլորս շուտով կքաղենք հաղթանակի պտուղները»,- հավելեց ադրբեջանագետը:

Նրա խոսքով՝ չպետք է հուսալ, թե Ալիևի պահանջները կարող են փոխվել:

«Եթե հիմա Ալիևը վեր կենա ու ասի, որ ինքը պատրաստ է ճանաչել Արցախի անկախությունը՝ ցանկացած սահմաններով, այսքան տարիների հակահայկական քարոզչության ֆոնին՝ կնշանակի՝ իշխանությունից զրկվել: Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա ինչքան էլ խաղաղության կոչեր հնչեն՝ պարզ է, որ դրա արդյունքը որևէ զիջում կատարելը չի կարող լինել: Հայկական սրբազան, ազատագրված հողերը ենթակա չեն ո՛չ փոխզիջման, ո՛չ զիջման, ո՛չ վաճառքի: ՀՀ-ում ինչ իշխանություն էլ լինի՝ գիտակցում է, որ խոսել որևէ զիջման վերաբերյալ, կնշանակի՝ իշխանությունից զրկվել:

Ավելին, պետք չէ մտածել, որ ինչ-որ բան զիջելով՝ մենք կհասնենք խաղաղության, որովհետև Ադրբեջանն ուզում է ամեն ինչ: Վաղուց  հայտարարել է, որ Զանգեզուրը, Սևանի ավազանը, Տավուշի, Արարատի մարզերը, Երևանը իրենց տարածքներն են: Հետևաբար՝ անհնար է մտածել, որ կարելի է բանակցային ճանապարհով խաղաղ լուծման հասնել: Երկու կողմերն էլ սա շատ լավ գիտակցում են և ժամանակն օգտագործում են: Ադրբեջանում շահագրգռված են ստատուս-քվոյի պահպանմամբ, որպեսզի ավելի նախապատրաստվեն հիմնախնդրի ռազմական լուծմանը:

Հայաստանում նույնպես սա գիտակցում են, համոզված եմ՝ գիտեն, որ ապրիլյան պատերազմը միայն առաջին ծիծեռնակն էր: Ադրբեջանն իր ժողովրդին վաղուց պատերազմի է նախապատրաստում, իսկ մենք պետք է գիտակցենք, թե ո՛ւմ հետ գործ ունենք: Ինչ վերաբերում է նրան, թե ամբողջ միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նրանք չարաչար սխալվում են: Վառ օրինակ՝ ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից  Գոլանի բարձունքներն Իսրայելի անբաժան մաս ճանաչելը: Այդ տարածքները վաղուց Իսրայելի մաս էին, բայց ոչ ոք չէր սպասում, որ նման որոշում կկայացվի: Սա հաղթաթուղթ է, ուղղակի պետք է վարպետություն ունենան ու կարողանան խաղարկել: Մեր գործն արդար է, և հաղթանակն անպայման մերը կլինի»,- նշեց Գրգորի Այվազյանը:

Նա հորդորեց ազգային շահից ելնելով՝ նաև աշխատել Ադրբեջանում բնակվող փոքրամասնությունների հետ՝ լեզգիներ, թալիշներ:

Անդրադառնալով Փաշինյանի և Ալիևի կողմից արված այն դիտարկմանը, թե հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով նպաստավոր մթնոլորտ ձևավորելը և այդ ուղղությամբ շոշափելի քայլեր իրականացնելը կարևոր է, հետևաբար՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ իրականացնել մի շարք մարդասիրական միջոցառումներ, ադրբեջանագետը նկատեց.

«Կարծում եմ՝ «մարդասիրական միջոցառումներ» ասելով՝ նկատի ունեն Հայաստանում և Ադրբեջանում գերիների հարցը: Հայկական կողմն այս պարագայում միշտ էլ կառուցողական տրամադրվածություն է ունեցել, բայց համոզված եմ, որ Ադրբեջանում դա չի խրախուսվել և չի խրախուսվում: Երկու կողմերն էլ խնդիր ունեն՝ ներկայացնել իրենց կառուցողականությունը բանակցային գործընթացներում:

Պարզից էլ պարզ է՝ հայկական կողմը տարիներ շարունակ կառուցողական դիրք է ընդունել, իսկ Ադրբեջանի պարագայում սա ընդամենը ձև է: Ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման փաստերից մեկը, օրինակ, այն է, որ հայ  մոլորված գյուղացուն բռնեցին, դատապարտեցին ու ներկայացրեցին որպես դիվերսանտ՝ հույս ունենալով Արցախում գտնվող իրենց մարդասպանների հետ փոխել:

Հիմա հայկական կողմ պատահաբար անցած ադրբեջանցի՝ մեկ, իսկ Ադրբեջանում երկու հայ խաղաղ բնակիչ ունենք, ու այս շրջանակում, կարծում եմ՝ կարելի է ակնկալել որոշակի դրական զարգացումներ»:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ մարտի 29-ին Վիեննայում կայացան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները:

Հանդիպումը սկսվել էր երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:

Հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը վկայակոչել են Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները, կարևորել հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ քայլերի իրականացումն ու ուղիղ հաղորդակցության մեխանիզմների բարելավումը: Զրուցակիցներն ընդգծել են բանակցային գործընթացի համար բարենպաստ Հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով նպաստավոր մթնոլորտ ձևավորելու և այդ ուղղությամբ շոշափելի քայլերի իրականացման կարևորությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել մի շարք մարդասիրական միջոցառումներ:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս