«Արգիշտիի ներկայությունը շատ եմ զգում, երևի սա է ինձ ուժ տալիս, որ ապրեմ»
2016 թվականի ապրիլյան պատերազմից անցել է երեք տարի, պատերազմի նահատակ հերոս, կապիտան Արգիշտի Գաբոյանի ծնողների համար որդու կորստի ցավն անցնող տարիները չեն մեղմում, հակառակը՝ անցնող-գնացող օրերի հետ Արգիշտիի կարիքն ավելի ու ավելի են զգում։ Միշտ զգում են նրա ներկայությունը, սակայն անպատմելի կարոտը ոչ մի կերպ չեն կարողանում մեղմել։
168.am-ի հետ զրույցում հերոսի մայրը՝ Հասմիկ Սարգսյանը, ասաց, որ որդու կորստի ցավը նման է բաց վերքի, որի ցավը կրկնապատկվում է հատկապես ապրիլի սկզբին։
«Արգիշտիի ներկայությունը ես շատ եմ զգում, երևի սա է ինձ ուժ տալիս, որ ես ապրեմ, որդուս կորստի ցավի հետ մեկտեղ ապրելը շատ դաժան է»։
Արգիշտին Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղից էր: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ուսումն ավարտելուց հետո ծառայության էր մեկնել Արցախ՝ Թալիշ։ Ապրիլյան պատերազմի ժամանակ, զինվորների հետ միասին, կռվել է Թալիշի դիրքերում։ Մինչև ապրիլի 4-ն Արգիշտի Գաբոյանը պաշտպանել է Թալիշի իր դիրքը։ Իմանալով, որ գյումրեցի հրամանատար Հրաչ Գալստյանը զոհվել է, և մարմինը գտնվում է թշնամու կրակոցների տակ, գնում է հրամանատարին օգնության, զինվորներին հրամայում է, որ իր թիկունքը պահեն, ինքն առաջ նետվելով՝ փորձում է մարտի դաշտից դուրս բերել Հրաչ Գալստյանի դին, սակայն այդ ընթացքում զոհվում է հակառակորդի կրակահերթից։
Նրա զինվորները նկատել են, որ այդ ընթացքում Արգիշտին մեծ վնաս է հասցրել թշնամուն, այդ պատճառով էլ նրա զոհվելուց հետո թշնամին ամեն ինչ անում է, որ դին գերեվարի։
Հերոսի մարմինը թշնամին հայկական կողմին հանձնեց ապրիլի 20-ից հետո։
«Ցանկալի կլիներ, որ մեր հերոսներն ավելի մեծ ուշադրության կենտրոնում լինեին, բայց այնպես չէ, որ բոլորովին անուշադրության են մատնված։ Մեր համայնքապետարանը մեզ իր ուշադրության կենտրոնում է պահում, միջոցառումներ են կազմակերպում, հիշում Արգիշտիիս»,- ասում է մայրը։
Ապրիլյան պատերազմի օրերին դիրքերում է եղել նաև Արգիշտի Գաբոյանի հայրը՝ Արծվի Գաբոյանը, ով Զինված ուժերում պայմանագրային զինծառայող էր։ Որդու զոհվելուց հետո կորցրել է առողջությունը, սակայն շարունակել է ծառայությունն այնքան ժամանակ, մինչև պայմանագրի ժամկետը լրացել է, որից հետո թողել է ծառայությունը։
«Որդուս զինվորները նրան չեն մոռացել, հաճախ են մեզ հյուր գալիս։ 2016 թվականի մայիսին ենք գնացել Թալիշ՝ Արգիշտիիս ծննդյան օրը, ուզում էինք ծնունդը նշել հենց այն տանը, որտեղ իր ծառայության ընթացքում ապրել էր որդիս։ Այս տարի էլ նպատակ ունենք գնալու, Թալիշում ամեն ինչ որդուս է հիշեցնում, նա շատ էր սիրում Թալիշը։ Աստծուց առաջ չընկնենք, այս տարի սեպտեմբերին Թալիշում նորակառույց դպրոցի բացումը պետք է լինի, ու նպատակ կա, որ դպրոցի դասարաններից մեկն անվանակոչվի Արգիշտիի անունով, որովհետև նա Թալիշով ուղղակի ապրում էր, շատ է պայքարել այդ հողի համար»։
Տիկին Հասմիկն ասում է՝ Արգիշտիի մահից հետո իրենց ընտանիքում բոլորի կյանքը գլխիվայր շրջվել է, ամեն ինչ խեղաթյուրվել է, անգույն դարձել, հիմա ապրում են միայն Արգիշտիով։
«Ցավը շատ մեծ է, տանը մեզ հետ ապրում է մեր մյուս որդին, փորձում ենք այնպես անել, որ այս փորձությունները նրա վրա շատ չազդեն»։
Զվարթ Խաչատրյան