«Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձև երբևէ չի եղել և չի կարող լինել. Մենք մշտապես ասել ենք, որ դա սխալ մոտեցում է»

Հարցազրույց ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանի հետ

Պարոն Զաքարյան, թեև օրերս Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Փաշինյանի և Ալիևի միջև հանդիպումը որակվեց կառուցողական, դրանից անմիջապես հետո ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայնդես եկավ առանցքային հայտարարությամբ՝ ասելով, որ «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձև այլևս չի լինելու, ինքն այն վերաձևակերպել է՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»: Ի՞նչ է սա նշանակում և որքանո՞վ է պայմանավորված այդ հայտարարությունից առաջ տեղի ունեցած բարձրաստիճան հանդիպման արդյունքով:

– Հակամարտությունների կարգավորման պատմության ընթացքում «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձև երբևէ չի եղել և չի կարող լինել: Մենք մշտապես ասել ենք, որ դա սխալ մոտեցում է: Երբ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հայտարարվում էր այս մասին, մենք պնդում էինք, որ դա սխալ մոտեցում է: Հատկապես Հայաստանի Հանրապետության պարագայում նման դիրքորոշումը կարելի է որակել՝ որպես դասական ինքնասպանություն: Իսկ ի՞նչ պետք է անի Պաշտպանության նախարարը նման իրավիճակում: Ակնհայտ է, որ պատերազմի նախաձեռնողը հայկական կողմը չի լինելու:

Բոլոր նախկին ղեկավարները նշել են, որ, եթե Ադրբեջանը սանձազերծի նոր պատերազմ, պետք է պատրաստ լինի ընդունել մարտական գործողություններն իր ներկայիս տարածքներում: Այսինքն` նոր մարտական գործողություններն Ադրբեջանի համար կարող են ավարտվել նոր տարածքային կորուստներով, դա պատերազմի օրենքն է, ոչ մեկն այն դեռ չի չեղարկել:

Ինչպե՞ս եք գնահատում Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները՝ հաշվի առնելով մինչ այս եղած պաշտոնական բոլոր հաղորդագրությունները:

– Որպես այդպիսին՝ շոշափելի արդյունքներ չկան: Սա ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո առաջին պաշտոնական շփումն էր Արցախյան կարգավորնան գործընթացը վերագործարկելու նպատակով: Դատելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նախնական մեկնաբանություններից, ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունից, ստարտային բանակցությունները գոհացրել են բոլոր կողմերին: Սակայն մեկնաբանությունների ընթացքից երևում է, որ բանակցությունների վերաբերյալ կողմերի հայտարարությունները սկսում են միմյանցից հեռանալ` այսինքն` Իլհամ Ալիևն այլ հայտարարություններ է անում, Փաշինյանն այսօր այդ հայտարարությունները փորձեց վերադարձնել բանակցային կառուցողական փուլ: Սա նշանակում է, որ առաջիկայում որոշակի շոշափելի արդյունքներ դժվար է ակնկալել:

Պարոն Զաքարյան, Կառավարության հաղորդագրության մեջ՝ որպես հանդիպման արդյունք, նշված էր կողմերի պայմանավորվածությունը՝ իրականացնել մարդասիրական միջոցառումներ: Ըստ Ձեզ` ի՞նչ մարդասիրական միջոցառումների մասին կարող է խոսք լինել:

– Տարբեր մարդասիրական միջոցառումներ կարող են լինել: Մինչև 2012 թվականը տարբեր միջազգային հարթակներում Ադրբեջանի պատվիրակությունը, քաղհասարակության ներկայացուցիչները Հայաստան և Արցախ էին մեկնում, որը հանրային հարթակներում երկխոսություն սկսելու հնարավորութուն էր տալիս, փոխադարձ հասկացվածություն ձևավորում: Հետագայում Ադրբեջանի կողմից դա արգելվեց պաշտոնապես: Ենթադրում եմ, որ նման շփումների վերնականգնումը հումանիտար նշանակության հարց կարող է լինել: Սա շատ կարևոր է: Մնացած բոլոր առումներով, չեմ կարծում՝ մարդասիրական մեծ քայլեր հնարավոր է իրականացնել, հատկապես, երբ ադրբեջանցիների ընկալումներն այլ են, և ամբողջական կարծիքի համար հարկավոր է իրենց ընկալումները հասկանալ: Կարծում եմ նաև, որ չկրակելու և առաջնագծում ձեռք բերված հրադադարի ռեժիմը պահպանելու հարցերը ևս կարող են դիտարկվել՝ որպես մարդասիրական:

Պարոն Զաքարյան, Դուք նշեցիք, որ կողմերի հայտարարություններում արդեն որոշակի տարաձայնություններ են առաջացել: Դուք, որ ծանոթ եք երկար տարիներ շարունակվող բանակցային գործընթացին, Ձեր իշխանությունն այս գործընթացում է եղել երկար ժամանակ, ի՞նչ եք կարծում` որքանո՞վ հնարավոր կլինի գործընթացը կառուցողական հունի մեջ պահել:

– Բարդ է ասել: Դա կախված է այն բանից, թե ինչ ընկալումներ ունեն կողմերը կարգավորման սկզբունքների և, ընդհանուր առմամբ, կարգավորման վերաբերյալ, որքանով կարող են մոտարկել իրենց դիրքորոշումները: Այս առումով, բնականաբար, պետք է կարողանալ հասկանալ, թե Ադրբեջանը որքանով է պատրաստ զիջումների: Ներկայումս Ադրբեջանը դեմ է Արցախի մասնակցությանը բանակցություններին: Բայց նշեմ նաև, որ, եթե Ադրբեջանն Արցախին պատրաստ չէ ճանաչել՝ որպես բանակցային կողմ, դա չի նշանակում, որ բանակցությունները պետք է դադարեցվեն:

Ըստ Ձեզ՝ ո՞րը պետք է լինի հայկական օրակարգը բանակցային գործընթացում:

– Բանակցային գործընթացի բարենպաստ մթնոլորտի ձևավորման համար հայկական կողմը պետք է պնդի, որպեսզի կյանքի կոչվեն 2016 թվականին ձեռք բերված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները, որոնք որոշակիորեն կմեղմեն հակամարտության գոտում առկա ռիսկերը:

Ըստ Ձեզ` ինչո՞ւ միայն վերջերս հայկական կողմը պաշտոնական հաղորդագրությունների տեքստերում սկսեց «հիշել» այդ պայմանավորվածությունների մասին, քանի որ նախորդ ամիսներին դրանք բացակայում էին պաշտոնական հռետորաբանությունից:

– Դժվարանում եմ ասել, թե որն է պատճառը: Բայց պնդում եմ, որ դա գործընթացի առանցքային բաղադրիչներից մեկն է: Լավ է, որ մեր նոր իշխանությունները նաև դա են սկսել կարևորել:

Տեսանյութեր

Լրահոս